17:48  ,  2 մայիսի, 2016

Լեւոն Ջուլֆալակյանն ու Արայիկ Բաղդադյանը՝ Ստամբուլի վարկանիշային մրցաշարի մասին

Որոշվել է մեկ ըմբիշով հանդես գալ Ստամբուլի վարկանիշային մրցաշարում, քանի որ ծանր քաշայիններն իրենց չարդարացրեցին: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը՝ խոսելով մայիսի 6-8-ը Թուրքիայում կայանալիք վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասին: Հայաստանից հանդես կգա 59 կգ քաշային Ռոման Ամոյանը:

«Վերջին ուսումնամարզական հավաքն ենք անցկացնում Երեւանում եւ Ստամբուլ կմեկնենք մայիսի 4-ի վաղ առավոտյան։ Եթե Ռոմանը կարողանա օլիմպիական ուղեգիր նվաճել, կունենանք 5 օլիմպիական։ Շատ լավ արդյունք կլինի, եթե 5 օլիմպիականով մեկնենք Օլիմպիական խաղեր: Ռոման Ամոյանի հնարավորությունները ցույց կտա գորգը»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգրեր են նվաճել Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Արայիկ Բաղդադյանի գլխավորած ազատ ոճի Հայաստանի հավաքականն ունի երեք ուղեգիր՝ Գառնիկ Մնացականյան (57 կգ), Գեորգի Կետոեւ (97 կգ) եւ Լեւան Բերիանիձե (125 կգ)։

Թեեւ հավաքականի գլխավոր մարզիչը ձգտում էր գործը չթողնել Թուրքիայի մրցաշարին, սակայն օլիմպիական ուղեգրերի քանակն ավելացնելու վերջին հնարավորությունը ազատ ոճայինները բաց չեն թողնի։

«Ֆեդերացիայի եւ մարզչական խորհրդի համաձայնությամբ որոշում կայացվեց օգտագործել օլիմպիական ուղեգիր նվաճելու մեր վերջին հնարավորությունը, կփորձենք նվաճել եւս երեքը։ Մրցաշարին իմ առաջարկով հանդես կգան Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (86 կգ): Սպասելիքներ երեքից էլ ունենք։ Թե ուղեգրերի թիվը քանիսը կլինի, չեմ կարող ասել։ Գորգը ցույց կտա։ Բայց անպայման պետք էր այս վերջին հնարավորությունն էլ օգտագործել օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար։ Թուրքիայի մրցաշարին մասնակցում ենք փորձառու ըմբիշներով, նրանք գիտեն, որ սա վերջին հնարավորությունն է եւ վրիպելու իրավունք չունեն»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արայիկ Բաղդադյանը։

Ազատ ոճայինները Ստամբուլ կմեկնեն մայիսի 7-ին։

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով