12:37  ,  1 մայիսի, 2016

Տուխել. Հումելսին անպատվելը անպատկառություն է

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը քննադատել է ակումբի երկրպագուներին, որոնք «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի տնային խաղում սուլել էին թիմի ավագ Մատս Հումելսին եւ նրա հասցեին արել վիրավորական վանկարկումներ:

Հայտնի է, որ Հումելսը բանակցում է Մյունխենի «Բավարիայի» հետ եւ ցանկություն ունի ամռանը հեռանալ դորտմունդյան ակումբից:

«Սպասելի էր, որ ֆանատները կցանկանան դժգոհություն արտահայտել: Դրա հետեւանքով էլ տրիբունաներում հակասական մթնոլորտ էր: Կային նաեւ Հումելսին աջակցողներ: Տհաճ է, երբ սեփական ստադիոնում բախվում ես սուլոցների եւ բացասական վերաբերմունքի: Սակայն սուլոցի եւ վիրավորական վանկարկումների միջեւ կա մեծ տարբերություն, դա արդեն անպատկառություն է»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» «Վոլֆսբուրգին» հաղթել է 5:1 հաշվով: «Բորուսիայի» ֆանատները Հումելսին ուղղված պաստռառի վրա գրել էին. «Նավապետը լքում է նավը, ինչքան շուտ, այդքան լավ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում