00:10  ,  29 ապրիլի, 2016

Արսեն Պապիկյան. Հույզերը դրական չեն, բայց հաշիվն արտացոլում է «Զենիթի» դեմ խաղը

Հույզերը դրական չեն, բայց հաշիվն արտացոլում է խաղի պատկերը, ասել է Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Արսեն Պապիկյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի հանդիպումից հետո: Սերգեյ Տաշուեւի հեռանալուց հետո «Կուբանն» առաջին անգամ խաղաց 44-ամյա հայ մասնագետի գլխավորությամբ եւ պարտվեց 1:4 հաշվով:

«Մենք շատ էինք սխալվում հասարակ իրավիճակներում: Ամեն խաղից պետք է որեւէ դրական բան քաղել: Այսօր կային դրական դրվագներ: Սակայն երեք բաց թողած գոլերը մեր սխալների հետեւանքն էին: Կյանքը շարունակվում է: Մնացել է չորս տուր: Կանենք ամեն ինչ, որպեսզի մնանք Պրեմյեր լիգայում»,- Արսեն Պապիկյանի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

«Կուբանը» 20 միավորով 14-րդ տեղում է: 12-րդ տեղում գտնվող Մոսկվայի «Դինամոյից» Կրասնոդարի թիմին բաժանում է 4 միավոր: 13-րդ տեղում ընթացող «Ուֆան» ունի 23 միավոր: 12-13-րդ տեղերը տալիս են անցումային հանդիպումների իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում