18:22  ,  28 ապրիլի, 2016

«Արսենալը» 23 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկում Հենրիխ Մխիթարյանի համար

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է 23 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Դորտմունդի «Բորուսիային» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, հաղորդում է talksport-ը՝ հղում անելով Tutto Mercato-ին: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը հայ խաղացողի տրանսֆերի համար մրցավազքի մեջ է մտել Թուրինի «Յուվենտուսի» եւ Լոնդոնի «Չելսիի» հետ, որոնք եւս մտադիր են բանակցել «Բորուսիայի» հետ:

Առայժմ հստակ չէ դորտմունդյան ակումբի դիրքորոշումը Մխիթարյանին բաց թողնելու հարցում: «Արսենալի» ներկայացուցիչներն արդեն սկսել են նախնական բանակցությունները Մխիթարյանի գործակալի եւ գերմանական ակումբի հետ: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ. ամռանը:

«Բորուսիայի» ղեկավարությունը վերջերս բացառել էր Մատս Հումելսին, Իլկայ Գյունդոգանին եւ Հենրիխ Մխիթարյանին միաժամանակ այս ամռանը վաճառելու տարբերակը: Հայտնի է, որ Մատս Հումելսի տրանսֆերի համար «Բորուսիայի» հետ բանակցում է Մյունխենի «Բավարիան», իսկ Գյունդոգանին գնելու մտադրություն ունի անգլիական «Մանչեսթեր Սիթին», որն արդեն իրագործում է Խոսեպ Գվարդիոլային դրած տրանսֆերային խնդիրները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում