00:09  ,  15 ապրիլի, 2016

Նազիկ Ավդալյան. Շնորհակալ եմ սահմանին կանգնած հայ զինվորներին, նրանց արիության ու քաջության համար

Յուրաքանչյուր զոհի համար այստեղ արցունք էի թափում եւ մտածում էի, որ այս մրցումները հենց նրանց համար իրավունք չունեմ ձախողելու: Նման պայմաններում կռվում են Արցախում, հաղթում են եւ մենք իրավունք չունենք նրանց հուսախաբ անել: Ապրիլի 3-ից ամուսինս եւս որպես կամավոր գնացել է մեր զինվորների կողքին լինելու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Նորվերգիայից ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 2009 թվականի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Նազիկ, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկրորդ նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ու ապրումներ ունես հիմա:

Շնորհակալություն: Զգացողություններս աննկարագրելի են, չեմ կարող բառերով պատկերել, թե որքան կարեւոր էր ինձ համար այս հաղթանակը: Իրականում, շատ բարդ տրվեց ինձ այս հաղթանակը: Անչափ լարված էի մինչեւ մրցումը, մտածմունքներս շատ էին ամբողջ մարզումային փուլում եւ բուն մրցման ընթացքում: Երբ արդեն կանգնեցի մրցահարթակին, հիշում էի, թե ինչ վստահությամբ եմ նախկինում՝ մինչ վնասվածքս, մրցահարթակ դուրս եկել՝ հաղթանակներով իջել: Փորձում էի հավաքել ինձ, կենտրոնանալ եւ արդյունքը եղավ այս հաղթանակը: 7 տարվա ընդմիջումից հետո նորից վերադառնալը մրցահարթակ եւ հաղթանակ գրանցել, իսկապես շատ դժվար է: Այն ժամանակ ամեն ինչ այլ էր, հոգեվիճակն այլ էր, այն ժամանակ մտածում էի միայն ճիշտ բարձրացնելու մասին: Հիմա ամեն ինչ այլ էր, լարվածությունը՝ մեծ: Այդ լարվածությունը պետք է, բայց ավելորդ լարվածությունը միշտ խանգարում է: Այսօր այնպես արեցի, որ ավելորդ լարվածություն չունենամ:

Վերջին մոտեցումդ՝ հրում վարժության 127 կգ-ինը որոշիչն էր: Հավատո՞ւմ էիր, որ կհաջողես:

Վերջին մոտեցումս՝ 127 կգ-ին բավական դժվարությամբ բարձրացրեցի. չգիտեմ՝ կողքից տեսանելի էր, թե ոչ, բայց շատ բարդությամբ կարողացա բարձրացնել: Երբ 5 կգ ավելացրեցին, հասկացա, որ արդեն ամեն ինչ իմ ձեռքերում է. ես էլ չէի սպասում, որ մեկը գա, չկարողանա բարձրացնել, գցի եւ ես այդպես չեմպիոն դառնամ: Երբ բարձրանում էի մրցահարթակ ինքս ինձ հետ զրուցում էի, որ եկել է իմ պահը՝ ապացուցելու, որ ես առաջվա Նազիկ Ավդալյանն եմ, ոչինչ չի փոխվել, ոչ մի վնասվածք, ողնաշարի կոտրվածք, ոչինչ ինձ չի կարող կոտրել եւ այս պահն իմ հերթն է ապացուցելու:

Այս հաղթանակով վերադարձա՞վ նախկին Նազիկ Ավդալյանի վստահությունը:

Ինչ-որ չափով այո: Բայց դեռ շատ աշխատանք ունեմ անելու, դեռ շատ կիլոգրամներ ունեմ ավելացնելու: Այս հաղթանակն ինձ վերադարձրեց իմ ուժերի հանդեպ հավատս:

Մեր նախորդ զրույցներում նշել ես, որ բոլոր հաղթանակներդ որդուդ են ուղղված: Որքանո՞վ օգնեց որդիդ 7 տարի անց վերադառնալ մրցահարթակ:

Երբ մտա մրցակցության մեջ, չէի մտածում որդուս մասին, մտածում էի նպատակիս հասնելու մասին, հաղթանակի մասին: Արդեն պատվո հարթակին կանգնած մտքումս բալիկս էր, որ գուցե այդ պահին հեռուստացույցի առջեւ նստած ինձ է դիտում: Շատ է կարոտում ինձ, ամեն անգամ լաց է լինում, տուն է կանչում ինձ: Չէի կարող այդքան զոհաբերություններից հետո կրկին վերադառնալ մեծ սպորտ ու ոչինչ չանել: Փոքրիկից հեռու լինել ամենաահավոր երեւույթն է. ոչ մի վնասվածք, պարտություն, ծանրություն չի կարող համեմատվել փոքրիկի կարոտի հետ: Մոտ 1.5 տարի ես իմ բալիկին տեսել եմ ընդամենը 2 ամիս: Ու ես չէի կարող թույլ տալ, որ այդ զոհաբերությունը զուր լիներ:

Ուղիղ հեռարձակմամբ հաղթանակդ նվիրեցիր սահմանին կանգնած հայ զինվորներին:

Այս հաղթանակս նաեւ ինձ համար շատ կարեւոր էր՝ մեր զինվորներին նվիրելու համար: Ամեն ինչ անում եմ որդուս համար, բոլոր հաղթանակներս նրանն են, բայց այս օրերին Ղարաբաղում տիրող պատերազմական իրավիճակում այս հաղթանակն ուզում եմ նվիրել բոլոր հայ զինվորներին, ովքեր պաշտպանում են մեր սահմանը: Շնորհակալ եմ սահմանին կանգնած յուրաքանչյուր հայ զինվորին, նրանց արիության ու քաջության համար: Հպարտ եմ մեր զինվորներով, ոչ մի ազգ չունի մեր տղաների պես զինվորներ: Միայն կուզեմ, որ զոհ չունենանք:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն ես: Այս պահին ի՞նչ ապրումներ ունես:

Սա շատ սպասված պահ էր ինձ համար, 8 տարի սպասված հաղթանակ: Նույնիսկ ծնկներս դողում էին հուզմունքից, ուրախությունից: Ընտանիքիցս հեռու, բալիկիցս, ամուսնուցս հեռու ես էլ եկա այստեղ մեր երկրի պատիվը բարձր պահելու, այնպես, ինչպես դա անում են մեր զինվորները: Այս հաղթանակս մեր զինվորներից բացի, նվիրում եմ նաեւ ամուսնուս եւ նրա նման բոլոր տղաներին: Ապրիլի 3-ից ամուսինս որպես կամավոր գնացել է մեր զինվորների կողքին լինելու: Նրան ճանաչելով, ես վստահ էի, որ նա կմեկնի մարտական դիրքեր՝ իր հայրենիքը պաշտպանելու համար: Ցանկանում եմ, որ բոլորը ողջ եւ առողջ վերադառնան տուն: Դեռ չեմ զրուցել ամուսնուս հետ, չեմ զանգել, հաղթանակով չեմ կիսվել նրա հետ: Բայց վստահ եմ, որ նրան ու սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին կուրախացնի այս հաղթանակը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով