20:35  ,  13 մարտի, 2016

Վարշամ Բորանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Վարշամ Բորանյանը հռչակվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: 71 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 3:0 հաշվով պարտության մատնեց սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչին:

Հիշեցնենք, որ Վարշամ Բորանյանն առաջին գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Տոմի Կլաուդիո Հինովեանուին: 1/8 եզրափակիչում Բորանյանը նույն հաշվով շանս չտվեց պորտուգալացի Հուգո Միգել Դա Սիլվա Պասոսին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Պլամենով Կոստադինովին: Կիսաեզրափակիչում Բորանյանը դուրս թողեց հունգարացի Բալինտ Կորպասին:

Քիչ հետո բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Կարապետ Չալյանը: 75 կգ քաշային կարգում Չալյանը սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Էմրա Սուլեյման Կուսին եւ մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի հետ:

Կարապետ Չալյանը կիսաեզրափակիչի ուղեգրի համար գոտեմարտել էր վրացի Զուրաբի Դատունաշվիլիի հետ եւ պարտվել 0:8 հաշվով: Դատունաշվիլին դուրս է եկել եզրափակիչի, ինչի շնորհիվ հայ ըմբիշը շարունակում է պայքարը:

Որակավորման փուլում Չալյանը 7:6 հաշվով հաղթել էր գերմանացի Յան Ռոտերին, 1/8 եզրափակիչում 10:5 հաշվով ուժեղ էր բուլղարացի Իլիան Տոդորով Գեորգիեւից:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Հայաստանը նվաճել էր 2 արծաթե մեդալ: 59 կգ քաշային Ռոման Ամոյանը եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հասել էին եզրափակիչ, որտեղ պարտվել էին: Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ոսկե մեդալ նվաճել թույլ չէր տվել ռուս Նիկիտա Մելնիկովը, իսկ 32-ամյա Ամոյանին ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովը:

Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ էին մտել նաեւ Միհրան Հարությունյանը (66 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Մարտի 13-ին առանց մեդալի մնացին նաեւ Ռաֆայել Մանուկյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում