16:09  ,  12 փետրվարի, 2016

Դավիդ Յուրչենկո. Եթե սպասեմ ամռանը, հետաքրքիր առաջարկներ ունեմ նաեւ Եվրոպայից

Բաշկիրիայի «Ուֆայից» հեռացող 29-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն պատմել է, որ ունի կարիերան շարունակելու մի քանի տարբերակներ:

«Կա մեծ հավանականություն, որ «Ուֆայից» կհեռանամ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Առաջիկայում ամեն ինչ պարզ կդառնա: Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ակումբներից առաջարկներ կան, բայց դրանք դեռ խոսակցությունների փուլում են: Իսկ եթե սպասեմ ամառային տրանսֆերային պատուհանին, ապա կա մի քանի հետաքրքիր առաջարկ Եվրոպայից: Եթե ընտրություն կատարեմ ռուսական ակումբի եւ ամռանը Եվրոպա մեկնելու միջեւ, ապա կընտրեմ խաղային պրակտիկան: Իսկ եթե նայենք ակումբին, ապա գլխավորը, որ այն լինի ամբիցիոզ, պայքարի բարձր տեղերի համար եւ ունենա իմ կարիքը»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ հայկական արմատներով ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նրա նախկին ակումբներ Սամարայի «Կռիլյա Սովետովն» ու Սարանսկի «Մորդովիան», ինչպես նաեւ Կրասնոդարի «Կուբանը» եւ Տուլայի «Արսենալը»: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարել էր, որ ռուսաստանցի դարպասապահին ազգային թիմ հրավիրելու եւս մեկ փորձ է արվելու: Յուրչենկոն 2013-ից է խաղում «Ուֆայում», որի կազմում անցկացրել է 62 խաղ՝ բաց թողնելով 73 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով