Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի, Բուլղարիայի եւ Շվեյցարիայի հավաքականները օլիմպիական չեմպիոններ Լեւոն Ջուլֆալակյանի եւ Արմեն Նազարյանի գլխավորությամբ մարզումային հավաք են անցկացնում Երեւանում: Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց, որ իր գլխավորած Բուլղարիայի հավաքականից Հայաստանում համատեղ հավաքին մասնակցում է 7 ըմբիշ: Բոլորը աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ են:
Շվեցարիայի հավաքականը hայաստանյան հավաքին մասնակցում է երեք մեծահասակներով եւ հինգ երիտասարդներով:
Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած Հայաստանի թիմը ամբողջական կազմով է մասնակցում հավաքին: Թիմին չի միացել միայն հունվարի 29-31-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված մրցաշարի ոսկե մեդալակիր Միհրան Հարությունյանը:
Երեք հավաքականների թիմերի գլխավոր մարզիչները միահամուռ մարզում են բոլոր ըմբիշներին, Արմեն Նազարանը հայ ըմբիշներին է օգնում իր փորձով, հետեւում իր սաներին, օգնում շվեյցարացիներին, Լեւոն Ջուլֆալակյանն էլ հսկում է ամբողջ համատեղ հավաքը:
Երեք թիմերն էլ նախապատրաստվում եմ Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու մարտի 10-13-ը Ռիգայում: Փետրվարի 25-ին Հայաստանի թիմը կմեկնի Բելառուս, որտեղ 5-6 երկրների հավաքականների հետ կանցկացնի վերջին հավաքը Եվրոպայի առաջնությունից առաջ։ Այնտեղից մարտի 9-ին թիմերը կմեկնեն Ռիգա:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում