18:12  ,  9 փետրվարի, 2016

Արմեն Նազարյան. Հաճելի է Լեւոն Ջուլֆալակյանի հետ համատեղ մարզել մեր սաներին

Այս հավաքը, վստահ եմ, շատ կօգնի իմ թիմին մոտիվացվել, գոտեպնդվել հայ ուժեղագույն ըմբիշներից: Հաճելի է Լեւոն Ջուլֆալակյանի հետ համատեղ մարզել մեր սաներին, մեր փորձը փոխանցել մարզիկներին: Կարծում եմ՝ մարզիկների համար եւս շատ հաճելի է մարզվել օլիմպիական չեմպիոնների ղեկավարությամբ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, ով այս օրերին Երեւանում է իր գլխավորած թիմի հետ:

Հայաստանի, Բուլղարիայի եւ Շվեյցարիայի հավաքականները՝ օլիմպիական չեմպիոններ Լեւոն Ջուլֆալակյանի եւ Արմեն Նազարյանի գլխավորությամբ Երեւանի Օլիմպիական ապագա մարզաբազայում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում:

«Ես խոսք էի տվել, որ Բուլղարիայի հավաքականին բերելու եմ Հայաստան եւ համատեղ հավաք ունենանք: Թիմը Հայաստան է եկել 8 մարզիկներով, որից երկուսը՝ աշխարհի չեմպիոններ են, երկուսը՝ Եվրոպայի չեմպիոններ, մնացածը Եվրոպայի մրցանակակիրներ:

Սա մեր հերթական եւ թերեւս ամենակարեւոր ուսումնամարզական հավաքը կլինի Եվրոպայի առաջնությունից առաջ:  Թիմն առաջին անգամ է Հայաստանում: Բուլղարացիներին շատ է դուր եկել Հայաստանը, Երեւանը, հայկական խոհանոցը, ջերմ ընդունելությունը, մարզումները: Երբ նրանց հետ զրուցում եմ, ասում են, որ հայ մարզիկների մեջ շատ է դուր գալիս հայկական բնավորությանը հարիր համարձակ, անվախ ոգին: Ասում են, որ ուզում են նմանվեն հայերին: Նույնիսկ զարմանում են, որ հայերը կարողանում են այս պայմաններում ունենալ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ: Երկրորդ-երրորդ հանդիպումն է եւ, ես, որպես հավաքականի գլխավոր մարզիչ, զգում եմ դրական արդյունքը:

Ինձ շատ լավ եմ զգում հայրենիքում, հաճելի է Լեւոն Ջուլֆալկյանի հետ համատեղ մարզել մեր սաներին, մեր փորձը փոխանցել մարզիկներին: Կարծում եմ՝ մարզիկների համար եւս շատ հաճելի է մարզվել օլիմպիական չեմպիոնների ղեկավարությամբ: Համատեղ հավաքին մասնակցում են նաեւ Հայաստանի ուժեղագույն մարզիկներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Ռոման Ամոյանը, անվանի մարզիկներ, որոնք շատ մեծ ներդում ունեն հայկական ըմբշամարտի զարգացման մեջ, մեծ առաջնությունների մեդալակիրներ են եւ օրինակելի բոլորի համար: Համոզված եմ, որ արդյունքը դրական կլինի»,- ասաց Արմեն Նազարյանը:

Հավաքը մեկնարկել է փետրվարի 4-ին եւ կտեւի մինչեւ փետրվարի 17-ը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով