18:17  ,  8 փետրվարի, 2016

Դավիթ Խիթարյան. Հովհաննես Դավթյանի օլիմպիական ուղեգիրը դեռ հաստատված չէ, բայց կասկած չունենք

Մենք մտավախություն չունեինք ու այժմ էլ չունենք, որ Հովհաննես Դավթյանը օլիմպիական ուղեգիր կվերցնի: Հստակ չենք կարող ասել, որ Փարիզի մրցաշարում, 5-րդ տեղ նվաճելով, Հովհաննես Դավթյանը օլիմպիական ուղեգիրը նվաճեց, որովհետեւ օլիմպիական ուղեգրերը ձյուդոյում հաստատում են մայիսի 20-ից հետո:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

«Չենք կարող դեռ վստահ հայտարարել, որ Դավթյանը նվաճել է օլիմպիական ուղեգիր: Փարիզի «Մեծ սաղավարտի» արդյունքները ցույց են տալիս, որ Հովհաննես Դավթյանի եւ Ֆերդինանտ Կարապետյանի մոտ առաջընթաց կա, պատրաստվածության մակարդակը բավականին բարձրացել է, այն խնդիրները, որոնք մեր առջեւ դրել էինք աստիճանաբար լուծվում են: Կոնկրետ Հովհաննեսի դեպքում մենք տեսնում էինք, որ բոլոր գոտեմարտերը հիմնականում մինչեւ վերջ է անցկացնում ու չի կարողանում տեխնիկական հնարքները լավ կիրառել: Այսօր կարծես ավելի լավ է նրա մոտ գնում, մի քանի գոտեմարտեր ժամանակից շուտ վերջացրեց: Այս ամենը խոսում է այն մասին, որ ինչ խնդիր նրա առջեւ դրվում է, նա իր մարզիչի հետ կատարում է: Ուղղակի երկու ձյուդոիստների մոտ էլ տակտիկական խնդիրներ կան: Բայց նրանց ֆունկցիոնալ պատրաստվածությունը, տրամադրվածությունը մեզ դուր է գալիս եւ հույս տալիս, որ պետք է Ֆերդինանտին էլ հասցնենք օլիմպիական ուղեգրին:

Հստակ չենք կարող ասել, որ այս մրցաշարում, 5-րդ տեղ նվաճելով, Հովհաննես Դավթյանը Հայաստանի 12-րդ օլիմպիական ուղեգիրը նվաճեց, որովհետեւ օլիմպիական ուղեգիրը ձյուդոյում օլիմպիական կոմիտեն հաստատում է մայիսի 20-ից հետո: Մենք մտավախություն չունեինք ու այժմ էլ չունենք, որ Հովհաննես Դավթյանը օլիմպիական ուղեգիր կվերցնի: Հովհաննես Դավթյանը վարկանիշային աղյուսակում իր հաստատուն տեղն ունի, նրան մնում է միայն պահպանել այդ տեղը եւ չնահանջել: Իսկ վարկանիշային աղյուսակը փակվում է մայիսի 20-ին: Այսինքն՝ Հովհաննես Դավթյանը եթե նույնիսկ մրցումների էլ չմասնակցի, հնարավոր է, որ պահպանի իր տեղը կամ հետ գնա, ընկնի վտանգավոր գոտի, բայց չեմ կարծում այնքան հետ գնա, որ լավագույն 22-ի մեջ չլինի:

Շուտով թիմը կվերադառնա Փարիզից, կքննարկենք, կորոշենք, թե ինչ պետք է անի Հովհաննես Դավթյանը: Նա արդեն երկու մրցաշարի մասնակցեց իրար հետեւից, այժմ դադար կվերցնի անպայման, որովհետեւ պետք չէ մարզիկին մինչեւ վերջ քամել. մենք վտանգ չենք տեսնում, որ Հովհաննես Դավթյանը օլիմպիական ուղեգիր չնվաճի: Հնարավոր է, միայն պատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, քանի որ «Մեծ սաղավարտ» մրցաշարից հետո ամենաբարձր վարկանիշային միավորը տալիս է մայրցամաքային առաջնությունը: Դրսում կանցկացնենք մեկ ուսումնամարզական հավաք եւ կնախապատրաստվենք Եվրոպայի առաջնությանը: Իսկ Ֆերդինանտի պարագայում, քանի որ նա շատ ուշ է սկսել վարկանիշային միավորներ հավաքել, մաքսիմալ ամեն ինչ պետք է անի, ամեն մրցաշարի պետք է մասնակցի, որ կարողանա հասցնել»,- ասաց Դավիթ Խիթարյանը:

Հիշեցնենք, որ  ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը եւ Ժաննա Ստանկեւիչը մասնակցել են Փարիզի «Մեծ սաղավարտին»: 60 կգ քաշայինների պայքարում Հովհաննես Դավթյանն անցկացրել է 4 հաղթական գոտեմարտ, վաստակել վարկանիշային 100 միավոր եւ գրավել 5-րդ տեղը: 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանն անցկացրել է երկու հաղթական գոտեմարտ եւ 48 միավոր ձեռք բերել: Ժաննա Ստանկեւիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է կանադացի Եկատերինա Գուիչային:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով