18:50  ,  5 փետրվարի, 2016

Գվարդիոլա. Մարզիչներին այլեւս չեն հարգում

Մյունխենի «Բավարիայի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան զայրացած է հեռացել Բունդեսլիգայի հերթական տուրից առաջ պարտադիր մամուլի ասուլիսից: Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում «Բավարիան» փետրվարի 6-ին կհյուրընկալվի Լեւերկուզենի «Բայերին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

«Մարզիչներին այժմ արդեն չեն հարգում: Հիմա արդեն կարեւոր չէ, թե ինչ ենք մենք խոսում: Ինչո՞ւ երբեք չեք հարցնում եւ չեք գրում այն մասին, թե ինչ հրաշալի բաներ եմ ես ասում խաղացողներին հանդիպումից առաջ: Ես չեմ հասկանում, թե ինչու են մարզիչները շարունակում մասնակցել մամուլի ասուլիսների:

Գիտեմ, որ նախկինում երբեք «Բավարիայից» մարզիչներ իրենց կամքով չեն հեռացել: Սովորաբար, նրանց պաշտոնանկ են արել: Բայց մենք դեռ ունենք չորս ամիս: Ես այսպիսի իրավիճակում արդեն եղել եմ «Բարսելոնայում»: Ես կարող եմ մի քանի ուղղությամբ մտածել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Մասնագետին զայրացրել է այն, որ հարցերի մեծ մասը առնչվել է ամռանը «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն: Հիշեցնենք, որ Գվարդիոլան երեք տարվա պայմանագիր է կնքելու անգլիական ակումբի հետ՝ փոխարինելով Մանուել Պելեգրինիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում