19:12  ,  3 փետրվարի, 2016

Լեւոն Ջուլֆալակյան. Թուրքիայի մրցաշարին մասնակցելը ճիշտ ընտրություն էր

Փետրվարի 4-ից հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բուլղարիայի եւ Շվեցարիայի հավաքականների հետ երկշաբաթյա ուսումնամարզական համատեղ հավաք կանցկացնի Երեւանում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը։

Վերջին օրերին հայ ըմբիշները հաջող հանդես եկան երկու միջազգային մրցաշարերում, որոնցից մեկը կայացավ Բուլղարիայում, մյուսը՝ Թուրքիայում։ Հունվարի 29-31-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարում հայ ըմբիշները նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Իսկ հունվարի 30-31-ը Թուրքիայում կայացած Վեհբի Էմրեի եւ Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց։

Պարոն Ջուլֆալակյան, ամփոփեք Սոֆիայի եւ Ստամբուլի մրցաշարերը։

Արդյունքներից գոհ եմ։ Սա այն միջանկյալ փուլն էր, որը պետք էր․ թիմը պետք է անցներ մրցաշար, որպեսզի մենք կարողանային լավ պատրաստ լինել Եվրոպայի առաջնությանը եւ առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին։ Բուլղարիայի մրցաշարն այս տարի՝ նախորդների համեմատ մի փոքր թույլ էր, բայց կային մի քանի ուժեղ երկրներ, մրցակցություն կար։ Ինձ համար կարեւորն այն է, որ տղաները լավ գոտեմարտեր անցկացրեցին, արդյունքները գոհացնում են եւ այս փուլի համար շատ կարեւոր մրցաշար անցանք։

Նույնը կարող եմ ասել Ստամբուլում կայացած մրցաշարին Արսեն Ջուլֆալակյանի մասնակցության մասին։ Մասնակցեցինք Թուրքիայի մրցաշարին, քանի որ ուժեղ մրցաշար էր։ Հենց այս նպատակով Արսեն Ջուլֆալակյանը մասնակցեց Թուրքիայի մրցաշարին։ Արսենն ուներ մի քանի թուրք հակառակորդներ ուներ, ցանկանում էր գորգում հանդիպել նրանց հետ, բայց ստացվեց, որ նրանք մինչեւ եզրափակիչ պարտվեցին։ Այս մրցաշարը Բուլղարիայի մրցաշարի համեմատ շատ ուժեղ էր, ինձ գոհացրեց Արսենի անցկացրած գոտեմարտերը։ Տեսագրությամբ հետո նորից ուսումնասիրեցի Արսենի անցկացրած գոտեմարտերը, զրուցել եմ նրա մարզիչ Արամ Գասպարյանի հետ եւ համոզվեցինք, որ Թուրքիայի մրցաշարին մասնակցելը ճիշտ ընտրություն էր։ Աշխարհի առաջնությունից հետո լուրջ մրցաշար պետք էր, որ Արսենն անցներ, դա էլ տեղի ունեցավ։

Այս օրերին համացանցը ողողված է Արսեն Ջուլֆալակյանի՝ Թուրքիայում տարած հաղթանակի մասին լուրերով՝ քաղաքական ուղղվածություն տալով։  Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

Ինձ համար երբեք երկիրը կամ քաղաքը նշանակություն չի ունեցել։ Մենք միշտ գնում ենք հաղթանակի հետեւից, որ երկիր էլ գնանք, միայն հաղթանակի, մեդալների, մասնավորապես ոսկե մեդալի հետեւից։ Մեկնում ենք մրցումների՝ զուտ մրցումներին տրամադրված եւ մեզ համար կարեւորը մեր գործին, նպատակին ծառայելն է։ Բացարձակ չեմ ցանկանում քաղաքականացնել ոչ մի մրցում եւ կապել որեւէ երկրի հետ։ Բոլորիս համար կարեւորն այն է, որ մրցումները լավ անցնեն, լավ մասնակցենք եւ ստանանք այն արդյունքն, ինչը մեզ պետք է։ Այդպես էլ եղավ Թուրքիայի մրցաշարում, Արսենը հրաշալի մասնակցություն ունեցավ, գոտեմարտերը հաղթեց առանց միավորներ տալու, շատ վստահ։ Սա էր մեր հիմնական նպատակը։

Առջեւում Եվրոպայի առաջնությունն է։ Ի՞նչ փուլերով են նախապատրաստվելու մարզիկները ԵԱ-ին։

Փետրվարի 4-17-ը ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Երեւանում։ Խնդրել եմ՝ մեզ միանան Բուլղարիայի եւ Շվեցարիայի հավաքականները։ Բուլղարիայի եւ Շվեցարիայի հավաքականները Հայաստան կժամանեն այս գիշեր եւ վաղվանից կսկսենք մեծ հավաքը։ Փետրվարի 25-ին թիմը կմեկնի Բելառուս, որտեղ կանցկացնենք մեր վերջին ուսումնամարզական հավաքը Եվրոպայի առաջնությունից առաջ։ Այնտեղ մեզ են միանալու նաեւ 5-6 երկրների թիմեր եւ համատեղ հավաք կանցկացնենք։ Այնտեղից մարտի 9-ին մեկնում ենք Ռիգա, որտեղ մարտի 10-13-ը  կայանալու է Եվրոպայի առաջնությունը։

Դեռեւս Եվրոպայի առաջնության մասնակիցների կազմը վերջնական պարզ չէ։ Երեւանյան հավաքից հետո միայն մարտի 9-ին ինձ համար պարզ կլինի եւ կհայտարարեմ մասնակիցների անունները։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով