15:50  ,  1 փետրվարի, 2016

Լեւոն Արոնյան. Մենք մի ազգ ենք, որի ներկայացուցիչները կարող են վերադառնալ փառքի դարաշրջան

Լեւոն Արոնյանն ազգային հերոս է Հայաստանում: Նա Հայաստանի Դեւիդ Բեքհեմն է, գրում է CNN-ը, որն անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանին ու հայկական շախմատին:

«Երբ Լեւոն Արոնյանը քայլում է Երեւանում, բոլորը նրան դիմավորում են ժպիտներով, ռեստորաններում նրանից գումար չեն վերցնում, իսկ ծնողներն իրենց նորածիններին անվանակոչում են նրա անունով: Արոնյանը դերասան, ակտիվիստ կամ տիեզերագնաց չէ: Նա աշխարհի չորրորդ ուժեղագույն շախմատիստն է, եւ դա այդ փոքրիկ՝ հետխորհրդային ու շախմատային երկրում, ինչը նշանակում է, որ Արոնյանն ազգային հերոս է»,- գրում է հոդվածի հեղինակ Շենա Մքքենզան, որը 33-ամյա գրոսմայստերին անվանում է «Հայաստանի Դեւիդ Բեքհեմ»:

«Մենք այնպիսի ազգ չենք, որը միայն կռվում ու պայքարում է: Մենք մի ազգ ենք, որի ներկայացուցիչները կարող են վերադառնալ փառքի դարաշրջան: Ճամփորդելով Հայաստանում՝ կտեսնեք 1500 տարվա վանքեր ու համալսարաններ. ահա դա ենք մենք: Մեր ազգն օժտված է մեծ ինտելեկտով: Ժողովրդին դեպի շախմատ տանող ուժը հիշեցնում է մեր՝ գիտական ազգ լինելու մասին»,- ասել է Լեւոն Արոնյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում