Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում շարունակում է պատրաստվել ապրիլի 9-ին Լաս Վեգասում 24-ամյա մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտին:
Արթուր Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել է անգլիացի Մարտին Մարեյին:
Ապրիլի 9-ի լասվեգասյան երեկոյի գլխավոր մենամարտը համարվում է ֆիլիպինցի Մենի Պակյաոյի եւ ամերիկացի Թիմոթի Բրեդլիի մենամարտը: Մենի Պակյաոն Ֆիլիպիններում է պատրաստվում առաջին կիսամիջին (մինչեւ 63.5 կգ) քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի հետ մենարտին: 37-ամյա Պակյաոն հայտարարել է, որ այդ մենամարտից հետո կհեռանա պրոֆեսիոնալ ռինգից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում