14:50  ,  10 դեկտեմբերի, 2015

Իկեր Կասիլյասը՝ Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստ

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը, մասնակցելով Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղին, դարձել է Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը, գրում է Daily Mail-ը:

Դա 34-ամյա դարպասապահի 158-րդ խաղն էր Չեմպիոնների լիգայում՝ ներառած որակավորման փուլերի հանդիպումները:

Կասիլյասը գերազանցեց «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավիի ռեկորդը: Քաթարյան «Ալ Սադի» ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 157 խաղ:

Իսպանացի դարպասապահը 152 հանդիպում անցկացրել է Արքայական ակումբի կազմում, եւս վեցը՝ «Պորտուի» հետ:

Հիշեցնենք, որ «Պորտուն» Լոնդոնում 0:2 հաշվով պարտվել էր «Չելսիին» եւ դուրս մնացել Չեմպիոնների լիգայից: Պորտուգալական ակումբը խմբում գրավել էր երրորդ տեղը եւ ելույթը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում