18:48  ,  2 դեկտեմբերի, 2015

Փաշիկ Ալավերդյան. Հայկական ծանրամարտի պատմության մեջ չի եղել նման հաջողություն

Հայկական ծանրամարտի պատմության մեջ չի եղել նման հաջողություն, որ յոթ ծանրորդով մասնակցենք Օլիմպիական խաղերին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ավարտված աշխարհի առաջնությունում հայ ծանրորդների մրցելույթները:

Հիշեցնենք, որ Հյուսթոնում հայ ծանրորդներից լավագույն արդյունքը ցույց տվեցին 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու գերծանրքաշային Գոռ Մինասյանը, որոնք երկամարտում գրավեցին չորրորդ տեղը եւ նվաճեցին նաեւ մեկական փոքր բրոնզե մեդալ: Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նույնպես բրոնզե մեդալակիր դարձավ պոկում վարժությունում, իսկ երկամարտում 5-րդն էր: 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը գրավեց 12-րդ տեղը, գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը 8-րդն էր, իսկ 2010թ. աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը զրո ստացավ 77 կգ քաշային կարգում:

Պարոն Ալավերդան, երեք փոքր բրոնզե մեդալ եւ հինգ օլիմպիական ուղեգիր  ծանրամարտի աշխարհի առաջնությունից: Ինչպե՞ս կգնահատեք այս արդյունքը: Ամփոփեք աշխարհի առաջնությունը:

Գնահատում եմ բավարար: Մարզիկների առջեւ դրված խնդիրը կատարված է: Գերխնդիրը հինգ օլիմպիական ուղեգրերն էին, մնացածը թողել էի հաջողության վրա՝ ինչպես կլիներ: Նվաճեցինք երեք փոքր բրոնզե մեդալ եւ սա քիչ արդյունք չէ: Իհարկե, լավ կլիներ, եթե մեծ մեդալներ նվաճեինք, բայց քանի որ ես խնդիր էի դրել մարզիկների առջեւ հաստատել օլիմպիական ուղեգրերը, այդ պատճառով բավարար եմ համարում այդ երեք փոքր բրոնզը:

69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը բավարարվեց 12-րդ տեղով: Ի՞նչը պակասեց ծանրորդին ավելի բարձր արդյունք գրանցելու համար:

Վանիկ Ավետիսյանի աշխատանքը մրցահարթակի վրա համարում եմ գերազանզ: Նա տարիքով տղա է եւ կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում հասնել մեր նպատակին: Գուցե իր նպատակն ավելի շատ էր, բայց այս անգամ կարողացավ այսքան:

77 կգ քաշային կարգում երկու ծանրորդով հանդես եկաք՝ Տիգրան Մարտիրոսյան եւ Անդրանիկ Կարապետյան: Մեդալի հույսը Տիգրան Մարտիրոսյանն էր, սակայն նա զրո ստացավ: Ո՞րն էր 2010 թ. աշխարհի չեմպիոնի ձախողման պատճառը:

Եթե ուսումնասիրեք Տիգրան Մարտիրոսյանի վերջին երեք Օլիմպիական խաղերից առաջ կայացած աշխարհի առաջնությունների մրցելույթները, պարզ կլինի, թե ինչու նա այս առաջնությունում էլ ձախողեց: Նա Օլիմպիական խաղերին նախորդած աշխարհի ոչ մի առաջնություններում արդյունք ցույց չի տվել, ձախողել է նույն ձեւ: Երեք անգամ էլ տարբեր մարզիչներ են եղել: Պեկինի Օլիմպիական խաղերին նախորդող աշխարհի առաջնությունում մարզիչը եղել է Աշոտ Մխիթարյանը: Լոնդոն 2012-ից առաջ մարզիչը եղել է Պողոս Պողոսյանը, իսկ այժմ պատրաստվում ենք Ռիո-2016-ին եւ հավաքականի մարզիչը ես եմ: Խնդիրը մարզիչների մեջ չէ:

Իսկ Ռիո-2016-ում Տիգրան Մարտիրոսյանը հնարավորություն կստանա՞ պայքարի մեջ մտնել:

Ծանրամարտում թիմային պայքար է: Կարող է մարզիկը միավոր բերել, բայց Օլիմպիական խաղերին մեկ ուրիշը գնա: Տիգրան Մարտիրոսյանի ձախողումը աշխարհի առաջնությունում դեռ չի նշանակում, որ նա վերջնականապես կարող է զրկվել Ռիո գնալուց: Նրան այդ ձախողումը մեծամասամբ չի վնասում, բայց վնասում է այնքանով, որ նա դեռ պետք է ապացուցի, որ կարող է գնալ եւ պայքարի մեջ մտնել օլիմպիական մրցահարթակում: Սա վերաբերում է ոչ միայն Տիգրան Մարտիրոսյանին։ Մյուս ծանրորդները, ովքեր միավոր են վաստակել աշխարհի առաջնությունում, դեռ չի նշանակում, որ հենց նրանք էլ ներկայացնելու են Հայաստանը Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում:

105 կգ քաշայինների պայքարում Սիմոն Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց: Նրա արդյունքը բավարարե՞ց Ձեզ:

Սիմոն Մարտիրոսյանը լավ հանդես եկավ: Նա դեռ երիտասարդ տղա է, եւ այս պահին նրա մրցելույթի մասին քննադատական խոսքերն ասելը չարախոսություն կլինի: Սիմոն Մարտիրոսյանն ինչ էլ անում է՝ մեր գլխի վրա տեղ ունի, նա դեռ երեխա է:

Գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանին էլ վնասվա՞ծքը խանգարեց: 

Ռուբեն Ալեքսանյանը վնասվածքի ենթարկվեց, բայց հիմա արդեն ամեն ինչ նորմալ է: Ամեն ինչ կարգարվորվել է: Լուրջ վնասվածք չէ: Մենք ամեն ինչ կանենք, որ նա լիարժեք վերականգնվի եւ մյուսների պես ապացուցի, որ արժանի է լինել այդ հինգ ուղեգրերից մեկի տերը:

Գոռ Մինասյանի մասին ի՞նչ կասեք:

Նա ինձ համար միշտ եղել է հայտնություն եւ շարունակում է մնալ հայտնություն: Նա եւս երիտասարդ մարզիկ է եւ դեռ շատ մեզ կուրախացնի իր հաջողություններով: Առհասարակ, այս առաջնությունում ինձ հիացրեցին Գոռ Մինասյանն ու Անդրանիկ Կարապետյանը: Գոհ եմ շատ Անդրանիկի մրցելույթից եւ նրա բարձրացրած կիլոգրամներից:

Քանի՞ օլիմպիական վարկանիշային միավոր վաստակեցիք ընդհանուր հաշվարկով:

Այս առաջնությունում 97 միավոր, 2014 թվականի աշխարհի առաջնությունում՝ 80 միավոր: Ընդհանուր հաշվարկով, այս պահին ունենք 157 միավոր, որը մեզ տալիս է հինգ օլիմպիկան ուղեգիր: Թիմային հաշվարկում գտնվում ենք 8-րդ տեղում եւ հինգ ուղեգրերը հանգիստ հասել են մեզ: Մենք այլեւս այդ հինգից ավելի չենք ունենա, յուրաքանչյուր մարզիկ ընդամենը երկու անգամ իրավունք ուներ մասնակցել վարկանիշային մրցումներին: Այլեւս որեւէ մարզիկ չի կարող պայքարել վարկանիշային միավորներ վաստակելու եւ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: Սա նշում եմ նաեւ մարզիկների համար:

Այս տարին ավարտեցինք, առջեւում ունենք Եվրոպայի առաջնություն մինչեւ Օլիմպիական խաղերը: Կնախապատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, կանցկացնենք փորձամրցում, նորից կփորձենք Տիգրան Մարտիրոսյանին, նաեւ այն ծանրորդներին, ովքեր աշխարհի առաջնությունում իրենց, այսպես ասած, ճիշտ չպահեցին:

Այնքանով եմ գոհ այս առաջնությունից, որ իմ մարզիկները պահանջներս հաջող կատարեցին: Ունենք նաեւ երկու ուղեգիր աղջիկներից, իսկ դա հրաշալի արդյունք է, քանի որ մինչ օրս հայկական ծանրամարտի պատմության մեջ չի եղել նման հաջողություն, որ յոթ ծանրորդով մասնակցենք Օլիմպիական խաղերին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս