18:18  ,  30 նոյեմբերի, 2015

Հռիփսիմե Խուրշուդյան. Եթե վնասվածքներ չունենամ, կարծում եմ, կհասցնեմ մինչեւ Ռիո-2016-ը հասնել մարզավիճակիս գագաթնակետին

Եթե վնասվածքներ չունենամ, կարծում եմ, կհասցնեմ մինչեւ Ռիո-2016-ը հասնել մարզավիճակիս գագաթնակետին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի առաջնությունում 14-րդ տեղը զբաղեցրած, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ամփոփելով ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում իր մասնակցությունը:

Հռիփսիմե, աշխարհի առաջնությունում զբաղեցրիր 14-րդ տեղը: Ինչպե՞ս կգնահատես մրցելույթդ:

Աշխարհի առաջնությունում երկամարտի արդյունքում բարձրացրեցի 260 կգ՝ 115 կգ պոկում եւ 145 կգ հրում վարժություններում: Բարձրացրի այնքան, որքան կատարել էի մարզումների ժամանակ: Այնպես չստացվեց, որ մարզումներին ավելի ծանր էի բարձրացրել, իսկ մրցման ժամանակ չկարողացա: 260 կգ-ից ավելի չէի աշխատել: Սա իմ հնարավորությունների չափն էր: Իմ այս արդյունքով արդեն վերջնական հաստատվեց Ռիո-2016-ի մեր թիմի երկու օլիմպիական ուղեգրերը: Աշխարհի առաջնությունում թիմային հաշվարկում կանանց Հայաստանի հավաքականը 19-րդ տեղում է: Իսկ մեր թիմը այս առաջնությունում ընդհանուր հաշվարկով 42 օլիմպիական վարկանիշային միավոր է վաստակել Ռիո-2016-ի համար: Ուրախ եմ, որ մեր թիմն այժմ երկու օլիմպիական ուղեգիր ունի:

Գո՞հ ես քո մրցելույթից:

Իրականում ոչ, որովհետեւ հիմա եմ հասկանում, որ կարող էի ավելին բարձրացնել: Ճիշտ է՝ ես մարզումների ժամանակ երկամարտի 260 կգ-ից ավելին չեմ մոտեցել ծանրաձողին, բայց արդեն մրցահարթակում հասկացա, որ կարող էի նաեւ ավելին: Ուղղակի պատասխանատվության զգացումս շատ մեծ էր եւ լարվածությունս խանգարեց, որ ավել կիլոգրամների գնամ: Վերջին մասնակիցն էի թիմի, որոշիչ արդյունքները կախված էին իմ արդյունքներից, չպետք է ձախողեի: Մտածում էի՝ միայն թե մոտեցումներս հաջող անեմ, թիմին չվնասեմ: Երկու վարժությունների երկրորդ մոտեցումներն էլ չկարողացա բարձրանցել: Չէի հասկանում՝ ինձ հետ ինչ էր կատարվում: Առաջին մոտեցումները հաջող կատարում էի, կիլոգրամների հայտը բարձրացնում էինք, գնում էի երկրորդ վարժությանն ու անբացատրելի անկարողություն էի զգում: Կարծես ծանրաձողի առջեւ Հռիփսիմե Խուրշուդյանը կանգնած չլիներ, ասես անջատված լինեի, լարվածությունն այնքան շատ էր, որ ինքս ինձ կորցրել էի: Բայց երրորդ մոտեցումներին հավաքվում էի եւ բարձրացնում: Մտածում էի՝ եթե չանեմ, վատ կլինի:

Մեդալի համար չպայքարեցինք, բայց տրամադրություններս դրանից չենք գցում, քանի որ մեր առջեւ դրված խնդիրը կատարեցինք, մեր միավորները հավաքեցինք, մեր երկու տեղը հաստատեցինք, ինչի համար շնորհակալ եմ մեր ամբողջ թիմին, մասնավորապես՝ երիտասարդ ծանրորդուհիներին՝ Սոնա Պողոսյանին, Իզաբելլա Յայլյանին. բոլորն էլ շատ լավ աշխատեցին եւ վարկանիշային միավորներ բերեցին մեր թիմին: Վստահեցնում եմ՝ եթե նրանք չլինեին, մենք չէինք կարող մեր միավորներով տեր կանգնել մեր երկու ուղեգրերին:

Նախքան մրցելույթի դուրս գալդ ասացիր, որ գերխնդիրը օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելն է: Ի՞նչն էր պատճառը, որ մեդալի համար պայքարի չգնացիր: Ուժերիդ վրա վստա՞հ չես:

Դեռեւս մարզավիճակս թույլ չի տալիս Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում դուրս գալ մեդալի համար պայքարի: Մայրանալուց հետո ես մոտ 1,5 տարի է, ինչ վերսկսել եմ մարզումներս, իսկ դա շատ քիչ ժամանակ է, որ կարողանամ հասնել նախկին մարզավիճակիս, որն ունեի Լոնդոնի Օլիմպիական խաղերում եւ դրանից առաջ:

Մրցակիցներիդ ու մրցակցության մասին ի՞նչ կասես:

Սա իմ մարզական կարիերայի ամենաուժեղ աշխարհի առաջնությունն էր: 2014 թվականի աշխարհի առաջնությունում ես երկամարտի 245 կգ արդյունքով Ֆինլանդիայում գրավեցի 15-րդ տեղը: Իսկ այս աշխարհի առաջնությունում այդ նույն արդյունքով կլինեի 25-րդը: Մեծ մրցակցություն կար, մրցակիցներս բոլորն էլ լավ պատրաստված էին, լավ մարզավիճակ ունեին եւ բոլորն էլ եկել էին իրենց տեղը Օլիմպիական խաղերում ապահովելու նպատակով:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում դու 128 կգ պոկում եւ 165 կգ հրում արդյունք ցույց տվեցիր՝ նվաճելով բրոնզե մեդալ: Եթե օլիմպիական ուղեգրերից մեկը վստահվի քեզ, ի՞նչ ես պատրաստ անել Ռիոյում:

Եթե ուղեգրերից մեկն իմը լինի, ինձ շատ բարդ աշխատանք է սպասվում: Արդեն մոտավոր պատկերացում ունեմ, թե Օլիմպիական խաղերի համար ինչ կիլոգրամների վրա պետք է աշխատեմ՝ 130-135 կգ պոկում  եւ ոչ պակաս 170 կգ հրում, որպեսզի մեդալի համար պայքարեմ:

Ըստ քեզ, այդ երկու ուղեգրերից մեկը քո՞նն է:

Չեմ կարող ասել. ով լավագույնն է, նա էլ կգնա Ռիո: Առջեւում դեռ ունենք Հայաստանի առաջնություն, Եվրոպայի առաջնություն, ով լավագույն արդյունքը ցույց տա, նրան էլ կվստահվի ուղեգիրը: Կարեւորն այն է, որ ունենք այդ երկու տեղը եւ ով արժանի է, նա էլ թող գնա:

Իսկ եթե վստահվի, ի՞նչ կխոստանաս:

Ավելի բարդ է լինելու, ավելի մեծ պատասխանատվություն կունենամ, քանի որ սխալվելու իրավունք չպետք է ունենամ: Եթե վնասվածքներ չունենամ, կարծում եմ, կհասցնեմ մինչեւ Ռիո-ն հասնել մարզավիճակիս գագաթնակետին: Ներքուստ զգում եմ, որ կհասցնեմ, քանի որ յուրաքանչյուր մրցմանը ես արդյունք եմ ավելացնում, այնպես չէ, որ կանգնած եմ նույն տեղում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով