12:51  ,  29 նոյեմբերի, 2015

Ալեքսեյ Լովչեւը գերազանցեց լեգենդար ծանրորդ Հուսեյն Ռեզազադեի 2 ռեկորդները

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս եկած ռուս Ալեքսեյ Լովչեւն աշխարհի 2 ռեկորդ է սահմանել գերծանրքաշային կարգում:

26-ամյա Լովչեւը ռեկորդ է գրանցել հրում վարժությունում ու երկամարտում: Նա հրել է ռեկորդային 264 կգ եւ երկամարտում հավաքել դարձյալ ռեկորդային 475 կգ:

Նախորդ ռեկորդները պատկանում էին իրանցի լեգենդար ծանրորդ Հուսեյն Ռեզազադեին: Նա հրել էր 263 կգ եւ երկամարտում գրանցել 472 կգ: Իրանցուն է շարունակում պատկանել պոկում վարժության ռեկորդը, որը կազմում է 213 կգ: Ալեքսեյ Լովչեւը Հյուսթոնում պոկել էր 211 կգ:

Հիշեցնենք, որ գերծանրքաշային կարգում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ՝ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը: Մինասյանը երկամարտի 437 կգ (203+234) արդյունքով գրավեց չորրորդ տեղը եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ Ալեքսանյանը 8-րդն էր՝ 433 կգ (192+241): Ռուբենն ազդրի վնասվածք էր ստացել հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ եւ չէր կարողացել շարունակել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում