10:55  ,  29 նոյեմբերի, 2015

ԱԱ-2015. Գոռ Մինասյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, Ռուբեն Ալեքսանյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի արդյունքը

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի մեջ են մտել գերծանրքաշային մարզիկները, իսկ Հայաստանն ունեցել է 3 ներկայացուցիչ:

Գոռ Մինասյանը 203 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, ինչպես նաեւ հրել է 234 կգ եւ երկամարտում գրավել չորրորդ տեղը:

Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 433 կգ (192+241) արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը՝ միայն անձնական քաշի պատճառով զիջելով գերմանացի Ալմիր Վելագիչին: Ալեքսանյանն ազդրի վնասվածք է ստացել հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ եւ չի կարողացել շարունակել պայքարը:

Կանանց պայքարում Հռիփսիմե Խուրշուդյանը ցուցադրել է 14-րդ արդյունքը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը երկամարտում հավաքել է 260 կգ (115+145):

Տղամարդկանց մրցաշարում պայքարից դուրս է եղել ռուս Ալեքսեյ Լովչեւը, որը երկամարտում ցուցադրեց ռեկորդային 475 կգ (211+264) արդյունք եւ աշխարհի ռեկորդ սահմանեց նաեւ հրում վարժությունում: Կանանց մրցաշարում հաղթեց ռուս Տատյանա Կաշիրինան՝ 333 կգ (148+185):

Այսպիսով, հայ ծանրորդները Հյուսթոնից կվերադառնան 3 փոքր բրոնզե մեդալով: Ավելի վաղ մեդալ նվաճել էին 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս