23:58  ,  28 նոյեմբերի, 2015

«Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1. Պրեմյեր լիգայում երկիշխանություն է

Անգլիական Պրեմյեր լիգայի 14-րդ տուրում «Լեսթերը» 1:1 հաշվով ավարտեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տնային խաղը: Անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդիի գոլին մանչեսթերցիներն առաջին խաղակեսի վերջնամասում պատասխանեցին գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի դիպուկ հարվածով:

Վարդին դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը Պրեմյեր լիգայում գոլ խփեց 11-րդ խաղում անընդմեջ: Նախորդ ռեկորդը պատկանում էր Հոլանդիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ռմբարկու Ռուդ վան Նիստելրոյին, որը 2003-ին աչքի էր ընկել Անգլիայի առաջնության 10 խաղերում անընդմեջ: 28-ամյա Վարդին 14 գոլով վստահորեն գլխավորում է Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը: 

«Լեսթերը» չօգտվեց առաջին տեղ վերադառնալու հնարավորությունից եւ «Մանչեսթեր Սիթիի» հետ 29-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Յունայթեդը» 28 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1

Ջեյմի Վարդի, 24 – Բաստիան Շվայնշտայգեր, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում