21:56  ,  28 նոյեմբերի, 2015

Հռիփսիմե Խուրշուդյան. Դեմ չեմ լինի, եթե որդիս ծանրորդ դառնա

Մրցելույթիս դրական ու թեթեւ եմ տրամադրված: Համարում եմ, որ դա շատ կարեւոր հատկանիշ է յուրաքանչյուր մարզիկի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ավարտվին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը մրցահարթակ դուրս կգա այս գիշեր եւ հանդես կգա +75 կգ քաշային կարգում:

Հռիփսիմե, մի քանի ժամից դուրս կգաս մրցահարթակ: Ինչպես ես տրամադրված: Ի՞նչ արդյունք ես ակնկալում երկամարտում:

Եվրոպայի առաջնությունում երկամարտի 254 կգ արդյունք եմ ցույց տվել: Աշխարհի առաջնությունում ամեն ինչ կանեմ Եվրոպայի առաջնությունից ավելի լավ արդյունք գրանցելու համար: Թվեր չեմ ցանկանում նշել, որքան կարողանամ, կբարձրացնեմ: Կփորձեմ լավագույնս հանդես գալ, որպեսզի օլիմպիական վարկանիշային միավորներ բերեմ մեր թիմին:

Մրցելույթիս դրական ու թեթեւ եմ տրամադրված: Համարում եմ, որ դա շատ կարեւոր հատկանիշ է յուրաքանչյուր մարզիկի համար: Եթե դու կարողանում ես քեզ դրական տրամադրել, չլարվել, չանհանգստանալ, չվախենալ, ամեն ինչ ավելի հեշտ ու թեթեւ է ստացվում: Բացի այդ, ես ունեմ մեկ այլ ոգեւշնչող հանգամանք, ոգեւորող էակ, իմ որդին՝ Աշոտիկը: Նա ինձ ոգեւորում է, ներշնչում է, օգնում իր գոյությամբ: Ճիշտ է՝ հաճախ կարոտով եմ անցկացնում օրերս, մարզումներս, բայց չեմ ընկճվում: Շատ կարոտում եմ հավաքների, մրցումների ժամանակ, բայց նույնիսկ այդ կարոտն ինձ օգնում է ավելի նպատակաուղղված մարզվել ու հենց մտնում եմ մարզադահլիճ կամ մեկնում մրցավայր, մոռանում եմ ամենի մասին ու գնում նպատակիս հետեւից: Ինձ այս հարցում օգնում են նաեւ Նազիկ Ավդալյանը եւ Աննա Գովելյանը: Նրանք էլ մայր են եւ մարզումների, հավաքների ու մրցումների ժամանակ հաճախ նայում եմ նրանց եւ հասկանում, որ կարոտիս մեջ ես միայնակ չեմ. բոլորն էլ թողել են իրենց բալիկներին, նպատակ ունեն ու եկել են հավաքի կամ մրցումների իրենց նպատակների հետեւից:

Իսկ այս պահին ո՞րն է քո նպատակը:

Նպատակս Ռիո-2016 Օլիմպիական խաղերն ու օլիմպիական մեդալի համար կրկին պայքարելն է: Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճեցի բրոնզե մեդալ: Եթե հաջողվի, ամեն ինչ կանեմ, որ պայքարեմ ոսկե կամ արծաթե մեդալի համար: Իսկ մինչեւ այդ կա շատ կարեւոր ստուագես՝ աշխարհի առաջնությունը, որը օլիմպիական վարկանիշային է:

Հռիփսիմե, նշեցիր, որ մարզումներ եւ հավաքների ժամանակ միայնակ չես մայրական կարոտի մեջ՝ ակնարկելով Նազիկ Ավդալյանին, ով, ի դեպ, վերադարձել է հավաքական: Ուրա՞խ ես:

Այո, իսկապես շատ ուրախ եմ, որ Նազիկ Ավդալյանը վերադարձել է մեր հավաքական: Նրա վերադարձը եւ ներկայությունը շատ անհրաժեշտ էր մեր հավաքականին: Նա մեզ կօգնի օլիմպիական վարկանիշներ ձեռք բերելու համար, մեր թիմն ավելի կուժեղանա Նազիկ Ավդալյանի վերադարձով:

Խոսեցիր բալիկիցդ. ապագա ծանրորդի հատկանիշներ նկատո՞ւմ ես որդուդ մեջ, չի վախենո՞ւմ ծանրաձողից:

Հասկանում է, մարզվում եւ արդեն ունի իր ծանրաձողը: Երբեմն հայրիկի հետ գնում է մարզասրահ, կարողանում է պոկում եւ հրում անել մի բարակ ձողով: Իսկ ծանրաձողին ասում է՝ «շիտակա»: Ես երբեք դեմ չեմ լինի, եթե որոշի հայրիկի եւ մայրիկի հետքերով գնալ: Եթե ունենա հաջողություններ այս մարզաձեւում, ուրեմն նա եւս պետք է ծանրորդ դառնա:

Լուսինե Շահբազյան

Lուսանկարը՝ Հայաստանի հավաքականի մարզիչ Արման Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս