12:51  ,  28 նոյեմբերի, 2015

Սիմոն Մարտիրոսյանը՝ Հյուսթոնից. Փոքր բրոնզե մեդալ նվաճեցի, բայց արդյունքիցս գոհ չեմ

Փոքր բրոնզե մեդալ նվաճեցի, բայց արդյունքիցս գոհ չեմ: Կարող էի մեծ մեդալ նվաճել: Փոքր մեդալով պետք չէ բավարարվել, եթե կարող ես ավելին: Իսկ ավելին կանեմ Օլիմպիական խաղերում, եթե մասնակցելու հնարավորություն ունենամ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հյուսթոնից ասաց ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 105 կգ քաշայինների պայքարում պոկում վարժության փոքր բրոնզե մեդալ նվաճած, պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը:

ԱՄՆ-ում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այս գիշեր մրցահարթակը 105 կգ քաշայիններին էր: Հայաստանի ներկայացուցիչ, պատանեկան օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 402 կգ արդյունքով (186-206) գրավեց 5-րդ տեղը՝ պոկում վարժությունում նվաճելով փոքր բրոնզե մեդալ: 105 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց ղազախ Ալեքսանդր Զայչիկովը՝ 421 կգ (191+230):

Սիմոն, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս կգնահատես մրցելույթդ:

Շնորհակալ եմ, բայց իրականում արդյունքիցս գոհ չեմ: Ավելին էի սպասում, բայց չստացվեց: Ես կարող էի մեծ մեդալ նվաճել, պատրաստ էի, լավ մարզավիճակում էի, բայց չստացվեց: Բարձրացրեցի 186 կգ պոկում վարժությունում, այնինչ մարզումների ժամանակ բարձրացնում էի 190 կգ: Առաջին մոտեցմանը պոկեցի 180 կգ, երկրորդ մոտեցմանը՝ 186 կգ-ի գնացի, իսկ երրորդ մոտեցմանը 191 կգ հայտ ներկայացրեցի, բայց չկարողացա կատարել: Եթե երրորդ մոտեցումը հաջող ավարտեի, 191 կգ արդյունքով այս վարժությունում արծաթե մեդալ կնվաճեի: 

Հրում վարժությունում ի՞նչը խանգարեց մարզումների ժամանակ բարձրացրած կիլոգրամները բարձրացնել:

Մարզումների ժամանակ հրում վարժությունում 230 կգ արդյունք էի ցույց տալիս: Այստեղ սկսեցինք ցածրից՝ 216 կգ-ի գնացի առաջին մոտեցմանս: Բայց հենց առաջին մոտեցումից չստացվեց: Երկրորդ մոտեցումն էլ ձախողեցի, եւ միայն երրորդ մոտեցմանն ինձ հաջողվեց բարձրացնել ծանրաձողը: Չգիտեմ՝ ինչն էր խնդիրը, ուղղակի չէր հաջողվում: Լարվածություն չկար, հոգեբանական խնդիր չկա, ես թե հոգեպես, թե ֆիզիկապես պատրաստ էի պայքարի: Ուղղակի ինձանից սպասում էի ավելի բարձր կիլոգրամներ եւ ավելի լավ արդյունք:

Իսկ մրցակիցներիդ մասին ի՞նչ կասես:

Ուժեղ մրցակցություն կար, բայց ես այդ մրցակցությունից չեմ լարվում: Սա իմ առաջին մասնակցությունը չէր, եւ ես պատկերացում ունեի՝ ովքեր են լինելու պայքարում: Ես ուժեղներից չեմ քաշվում՝ օլիմպիական չեմպիոններից, աշխարհի չեմպիոններից. ինձ համար ես եմ ու իմ ծանրաձողը: Եթե չի ստացվում, ուրեմն խնդիրն իմն է, ոչինչ չի կարող նպաստել անհաջող ելույթին՝ ոչ օլիմպիական, աշխարհի չեմպիոնները, ոչ էլ ուժեղ մրցակցությունը:

Կարծես՝ ուրախ չես, որ փոքր մեդալ ես նվաճել:

Ուրախ չեմ, քանի որ կարող էի մեծ մեդալ նվաճել: Փոքր մեդալով պետք չէ բավարարվել, եթե կարող ես, հնարավորություն ունես ավելին անել:

Ռիո-2016-ի մասնակցության հույս ունե՞ս:

Մեր թիմն արդեն ունի Ռիո-2016-ի ուղեգրեր, թե քանիսն են, վերջնական պարզ կլինի աշխարհի առաջնությունից հետո: Հույսեր բնականաբար ունեմ, մեծ ցանկություն ունեմ պայքարի մեջ մտնելու Օլիմպիական խաղերում: Աշխարհի առաջնությունում ընդհանուր հաշվարկով 5-րդ տեղն եմ զբաղեցրել եւ իմ արդյունքով 21 օլիմպիական վարկանիշային միավոր եմ բերել մեր հավաքականին: Ամեն ինչ առջեւում է: Ավելին կանեմ Օլիմպիական խաղերում, եթե մասնակցելու հնարավորություն ունենամ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով