23:10  ,  27 նոյեմբերի, 2015

Զավեն Բադոյան. Եթե հաջող հանդես գամ «Բանանցում», դա չի վրիպի հավաքականի մարզիչների աչքից

Անհատական հաջողությունների մասին այս պահին չեմ մտածում, եւ գլխավոր նպատակն է «Բանանցին» օգտակար լինելը, ասել է երեւանյան ակումբը համալրած 25-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որի նախորդ ակումբը «Փյունիկն» էր:

«Ինձ շատ հետաքրքրեց այն փոփոխությունների փաստը, որոնք կատարվում են «Բանանցում»: Խոսքը մարզչական շտաբի եւ ղեկավարության մասին է, եւ հենց դա նպաստեց, որ ես որոշեցի տեղափոխվել «Բանանց»:

Մարզչական շտաբի մասին կարող եմ վստահ ասել, որ նրանք բարձր մակարդակի մարզումներ են անցկացնում: ֆուտբոլիստներին կհասցնեմ ծանոթանալ ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում: 

Շատ դժվար է արդյունքներ գրանցել երիտասարդ ֆուտբոլիստներով, իսկ փորձառու ֆուտբոլիստների գալով, կարծում եմ, կբարելավվեն թիմի ընդհանուր արդյունքները եւ ավելի արագ աճ կգրանցեն երիտասարդները: 

«Բանանցը» հիմա շատ ցածր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Նպատակներից է գավաթը նվաճելը եւ առաջնությունում ինչքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնելը:

Կարծում եմ, որ եթե հաջող հանդես գամ «Բանանցում», դա չի վրիպի նաեւ հավաքականի մարզիչների աչքից»,- Զավեն Բադոյանի խոսքը մեջբերում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Զավեն Բադոյանից բացի «Բանանցը» պայմանագիր է կնքել նաեւ 22-ամյա պերուացի կիսապաշտպան Կլաուդիո Տորեխոնի հետ:

Բադոյանը հինգ հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում, իսկ Տորեխոնը եղել է Պերուի երիտասարդական հավաքականի ավագը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում