18:56  ,  27 նոյեմբերի, 2015

Սոնա Պողոսյան. Հույսս լավ մասնակցությունն է, օլիմպիական վարկանիշային միավոր վաստակելը

Փորձելու եմ անել ամեն ինչ լավ մասնակցության համար: Պարտավորված եմ զգում, որ հաջող հանդես գամ, չձախողեմ եւ օլիմպիական վարկանիշ վաստակեմ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց 75 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը, ով այս գիշեր դուրս կգա մրցահարթակ:

«Այս տարի ես պատանիներից տեղափոխվեցի երիտասարդների հավաքական, լավ արդյունք ցույց տվեցի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, երկրորդ տեղ զբաղեցրի եւ ընդգրկվեցի մեծահասակների հավաքականում:

Մեծահասակների մեջ ինձ լավ եմ զգում, հաճելի է իրենց հետ մարզվելը, բայց դեռեւս դժվար է ինձ համար այնքանով, որ ես պատանի եմ, իրենք մեծահասակ: Դեռ սովորելու շատ բան ունեմ, իրենք էլ ինձ շատ են օգնում:

Հիմնականում մարզվում եմ Հռիփսիմե Խուրշուդյանի հետ, երկուսս էլ նույն մարզադպրոցից ենք: Ինձ համար մեծ պատիվ է լինել օլիմպիական բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ նույն հավաքականում, մարզվել նրանց հետ. նրանցից սովորելով, նրանց խորհուրդները լսելով: Այդպես պատրաստվել եմ աշխարհի առաջնությանը՝ նրանց խորհուրդներով, աջակցությունով մարզվել եմ, մասնակցել ուսումնամարզական հավաքների:

Այսօր փորձելու եմ անել ամեն ինչ լավ մասնակցության համար: Քանի որ մեծահասակների աշխարհի առաջնությունն է, պատասխանատվության զգացումն ավելի մեծ է: Անկեղծ կլինեմ եւ կասեմ, որ մեդալի ակնկալիք չունեմ, հույսս միայն լավ մասնակցությունն է, մեր թիմի համար օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելը»,- ասել է Սոնա Պողոսյանը:

Հյուսթոնում պայքարի դուրս կգան նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով