17:33  ,  25 նոյեմբերի, 2015

ՀՖՖ նախագահ. Հայաստան - Ալբանիա խաղում «տեղի է ունեցել դավաճանություն»

Հայաստան - Ալբանիա խաղի ժամանակ «տեղի է ունեցել դավաճանություն»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Ես` որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, խաղը չեմ նայում երկրպագուների աչքերով։ Ցավոք սրտի, դա իմ համոզմունքն է։ Կարծում եմ, որ իրականում եղել է դա, եւ մեր գործն է, որ դա բացահայտենք, եւ այդ մարդկանց անունները հրապարակենք։ Դա իմ անձնական գործն է։ Ուղղակի մենք հիմա փաստեր չունենք, բայց կարծում եմ՝ կլինեն: Խաղը սկսվելուց կես ժամ անց ես դա արդեն հասկացել էի», - ասել է ՀՖՖ նախագահը:

ՀՖՖ նախագահը կարծում է, որ կհաջողվի բացահայտել հանդիպումը վաճառած խաղացողներին.

«Կարծում եմ, որ կհաջողվի։ Այսօր սա ինձ համար ֆուտբոլի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրն է, մեր ամենամեծ պրոբլեմը դա է, ես` որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իմ ձեռբերումը համարում էի այն, որ սա վերացրել էի հայկական ֆուտբոլում, բայց, ցավոք սրտի, իմ ղեկավարման ժամանակ նորից հետ եկավ, եւ ես հենց այնպես դա չեմ մարսի։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որ այդ աղբը վերացնեմ մեր հավաքականից: Նման բանը եթե ապացուցում ես, այդ ֆուտբոլիստները ցմահ որակազրկվում են»:

Հիշեցնենք, որ երեւանյան խաղում ալբանացիները հաղթել էին 3:0 հաշվով եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր: 

Ավելի վաղ ալբանական ու սերբական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հոկտեմբերի 11-ին կայացած Հայաստան - Ալբանիա հանդիպումը կասկածվում է պայմանավորված բնույթի լինելու մեջ։ Աղբյուրը նշում էր, որ ալբանացիները Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստների 500 հազարական եվրո էին խոստացել այդ խաղում պարտվելու դիմաց:

ՈւԵՖԱ-ն սերբական Vecernje Novosti թերթի հարցմանը պատասխանել էր. «ՈւԵՖԱ-ն մշտապես հետեւում է իր հովանու ներքո գտնվող բոլոր հավաքականների եւ ազգային առաջնությունների խաղերին։ Խոսքը վերաբերում է մեկ մրցաշրջանում մոտ 32․000 խաղերի, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հանդիպումների։ Եթե մենք նկատենք կասկածելի ու արտասովոր ինչ-որ բան, ապա անմիջապես կսկսենք հետաքննություն։ Դա վերաբերում է նաեւ այն խաղին, որի վերաբերյալ դուք հարցում եք կատարել մեզ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս