13:57  ,  23 նոյեմբերի, 2015

Մարտին Մարեյ. Դատարկություն եմ զգում

Անգլիացի Մարտին Մարեյը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամից կրած պարտությունը տիտղոսի համար մենամարտում:

«Ակնհայտ է, որ դատարկություն եմ զգում: Ես լրջորեն մտածում էի, որ դա լինելու է իմ օրը: Նույնիսկ, երբ հնչեց մենամարտի ավարտն ազդարարող ձայնը, ես մտածեցի, որ գոտին իմն է, թեեւ մարտը Գերմանիայում էր: Կարծում էի, որ իմ արածը բավական է հաղթանակի համար:

Գիտեմ, որ բավականաչափ լավն եմ բռնցքամարտից հեռանալու համար, սակայն այն, ինչ հիմա եմ զգում, այլ տարբերակ չի թողնում ինձ: Սա իմ՝ տիտղոս նվաճելու չորրորդ անհաջող փորձն էր: Պարզապես չեմ կարող այսպես շարունակել: Չեմ կարող այդպես վարվել ընտանիքիս հետ»,- Մարեյի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

33-ամյա Մարեյի պրոմոուտեր Էնդի Հիրը հայտնել էր, որ փորձելու է ռեւանշ պահանջել Արթուր Աբրահամից, սակայն հայ բռնցքամարտիկի պրոմոուտեր Կալե Զաուերլանդը բարձ չի գնահատել այդ մենամարտն անցկացնելու շանսերը:

«Եկեք իրատես լինենք: Դա մոտ որոշում էր, բայց սխալ չէր: Մարեյը շատ լավ բռնցքամարտիկ է: Նա արժանի է տիտղոսի եւ հուսով եմ, որ մի օր կնվաճի այն»,- ասել է Զաուերլանդը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 21-ին կայացած չեմպիոնական մենամարտում 35-ամյա Աբրահամը հաղթել էր միավորներով: Ամերիկացի 3 մրցավարներից երկուսն առավելությունը տվեցին Աբրահամին, իսկ մեկը՝ Մարեյին (115:112, 112:115, 116:111): Դա հայ բռնցքամարտիկի 44-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, որում նա անցկացրել է 48 մենամարտ եւ կրել 4 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում