14:54  ,  13 նոյեմբերի, 2015

ՀՎՖ գլխավոր քարտուղար. Ազգային հավաքական ձեւավորելու համար ահռելի գումարներ են հարկավոր

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի գալով, ֆեդերացիայում վիճակն ավելի կայունացավ եւ մարդիկ հասկացան, որ պետք է աշխատեն, ոչ թե միայն խոսեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների հաղթողներ՝ տղամարդկանց չեմպիոնը ՖԻՄԱ-ն է, կանանցը՝«Նժդեհը»:

Պարոն Ասմարյան, ամփոփեք վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը:

Հայաստանի առաջնության արդյունքները գոհացնող էին, բոլորիս սպասելիքներն արդարացվեցին: Այն, ինչ տեսանք մրցումային օրերի ընթացքում, հուսադրող է, ունենք նոր խաղացողներ, սերնդափոխություն է սկսվել, եւ այդ սերնդափոխությունից չենք վախենում, քանի որ նոր երիտասարդ մարզիկներ ունենք կանանց եւ տղամարդկանց թիմերում: Տղամարդկանց պայքարում արդեն 10-րդ անգամ չեմպիոն դարձավ ՖԻՄԱ-ն, երկրորդ տեղում «Ստեփանակերտն» է, երրորդում՝ «Նոր-Նորք Դինամոն»: Կանանց պայքարում 13-րդ անգամ Հայաստանի չեմպիոն դարձավ «Նժդեհ» թիմը, երկրորդ տեղում Սիսիանի մարզուհիներն են, երրորդում՝ ԽՄՕՄՄ-ը:

Հայաստանի առաջնություններից հետո, սովորաբար, ձեւավորվում են ազգային հավաքականները: Վոլեյբոլի ազգային հավաքական կձեւավորվի՞ առաջնության արդյունքներով:

Այս տարի դեռ ոչ: Դեռ վոլեյբոլի մեծահասակների կանանց եւ տղամարդկանց հավաքական չենք ունենա: Այս տարի ֆեդերացիան իր աշխատանքների շեշտադրությունը դրել է պատանեկան եւ լողափնյա վոլեյբոլի վրա: Պատանեկան դասական վոլեյբոլում ունենք լավ ներուժ եւ հնարավորություններ թիմերին ուղարկելու միջազգային մրցաշարերի, թիմային լիգաների, չեմպիոնների լիգայի: Իսկ մեծասակաների հավաքական չենք ունենա, քանի որ մեծահասակներից ակնկալիքներ դեռ չունենք, ֆինանսավորում, հովանավորներ չունենք: Հայաստանի առաջնությունն անցկացնելու մեր հիմնական նպատակն է պահել բարձրագույն խմբի առաջնությունը, քարոզել եւ մասսայականացնել վոլեյբոլը, որպեսզի աճող սերունդն էլ գա մեր մարզաձեւ:

Ամեն դեպքում, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը չունի տղամարդկանց ազգային հավաքական:

Հավաքական ձեւավորելու համար մեզ ահռելի մեծ գումարներ են հարկավոր. ֆեդերացիայի մեկ տարվա բյուջեն, օրինակ, կծախսվի հավաքական թիմ պահելու համար: Այս պահին չենք կարող մեզ այդ շռայլությունը թույլ տալ: 2016-ին կունենանք աղջիկների եւ տղաների Հայաստանի պատանեկան հավաքականներ: Իսկ մեծահասակների դեռ պատրաստ չենք, քանի որ շատ թույլ ենք: Եթե այդ թիմը չի խաղալու, դուրս չի գալու արտագնա խաղերի, պայքարի մեջ մտնելու հնարավորություն չի ունենալու, թղթի վրա գրանցած հավաքական ունենալու նպատակը չեմ տեսնում:

Այն նոր սերունդը, որը հիմա ունենք, ովքեր այս օրերին խաղացին, 2-3 տարի անց կարող են շատ լավ հավաքական կազմել:

Առայժմ ծրագրել ենք 2017-2018 թվականներին գոնե մասնակցել Եվրոպայի առաջնության որակավորման խաղերին: Իսկ 2016 թվականի վերջից արդեն հնարավորություն կունենանք մասնակցել Մայրցամաքային Գավաթին, որին պահանջվում է միայն մեր ներկայությունը: Միջազգային ֆեդերացիան այս գավաթի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է: Իսկ մեր նախկին ֆեդերացիան, տեղյակ լինելով, չի հասկացել, որ Մայրցամաքային գավաթի խաղարկության մասնակցությունը մեզ օլիմպիական որակավորման փուլի մասնակցության հնարավորություն կարող էր տալ: Ճիշտ է՝ պարտվելու էինք, բայց մեր վոլեյբոլիստները գոնե կմասնացեին Օլիմպիական խաղերի որակավորման փուլին: Պարբերաբար անցկավող գավաթին 220 երկրներից 213 երկիր մասնակցել է, իսկ մենք եղել ենք չմասնակցող յոթ երկրներից մեկը:

Լողափնյա վոլեյբոլը եւս Հայաստանի հավաքականներ չունի՞:

Հավաքականներ ունենք, աշխատանքները շատ լուրջ տարվում են, մարզումներ, մրցումներ, 2016-ին նախատեսված ունենք նաեւ ուսումնամարզական հավաք Ռուսաստանում, իսկ Վիլնյուսում կայանալիք Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների մրցաշարի մասնակցության հայտ ենք ներկայացրել: Լողափնյա վոլեյբոլն այս տարի ամենահաջողվածն աշխատանքն էր մեզ մոտ:

Ի՞նչ ծրագրեր ունեք մինչեւ 2015 թվականի ավարտը:

Դեկտեմբերի 4-6-ը նախատեսում ենք Հայաստանում առաջին անգամ անցկացնել դասական վոլեյբոլի միջազգային մրցաշար, որին մասնակցելու են Թբիլիսիի աղջիկների հավաքականը, ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցի 8 թիմ՝ 4 աղջիկների եւ 4 տղաների: Բացի այդ, դեկտեմբերի 16-ին էլ կանցկացվի Հայաստանի ֆեդերացիայի Գավաթը: 

Ֆեդերացիայի նախորդ նախագահի օրոք ֆեդերացիայում կային ներքին խմորումներ, աթոռակռիվ: Նորանշանակ նախագահ Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ կրքերը հանդարտվե՞լ են:

Ամեն ինչ հարթվել է: Ֆեդերացիայում աշխատանքային իրավիճակ է, յուրաքանչյուրն աշխատում է իր հանձնաժողովում, մեկը լավ, մյուսը վատ, բայց ֆեդերացիայի հիմնական կորիզը երիտասարդացրել ենք: Ովքեր աշխատում են, բոլորի հետ շփումը կա: Արթուր Բաղդասարյանի գալով ֆեդերացիայում վիճակն ավելի կայունացավ, եւ մարդիկ հասկացան, որ պետք է աշխատեն, ոչ թե միայն խոսեն: Նախկինում խոսում էին, եւ ոչինչ չէին անում: Այս ֆեդերացիան հիմնվել եւ գործում է 1991 թվականից, բայց այսքան ժամանակ ոչ մի անգամ Հայաստանում միջազգային մրցաշար չի անցկացվել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով