00:57  ,  14 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Խմբային մրցաշարից ուղեգիր նվաճած բոլոր թիմերը

Ավարտվեց Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարը, որից եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին 19 հավաքականներ:

Այսպիսով, Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարում ֆրանսիացիների պես իրենց տեղն ապահովեցին՝ Անգլիան, Չեխիան, Իսլանդիան, Ավստրիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեյցարիան, Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը, Իտալիան, Բելգիան, Ալբանիան, Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովակիան, Խորվաթիան եւ Թուրքիան: Ընդ որում՝ թուրքերը նման պատվի արժանացավ երրորդ տեղ գրաված թիմերի մեջ լավագույն արդյունքն ունենալու շնորհիվ եւ 16 միավոր էին հավաքել A խմբում, որում չորրորդ տեղում հայտնվեց պայքարից դուրս մնացած Հոլանդիայի հավաքականը: 1984 թվականից հետո առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը կանցնի առանց հոլանդացիների:

Խմբերում երրորդ տեղ զբաղեցրած մյուս 8 հավաքականները՝ Նորվեգիան, Ուկրաինան, Դանիան, Շվեդիան, Սլովենիան, Հունգարիան, Իռլանդիան ու Բոսնիա-Հերցեգովիան, անցումային խաղերով կվիճարկեն վերջին 4 ուղեգրերը: Հոկտեմբերի 18-ին կայանալիք վիճակահանության արդյունքում այդ 8 թիմերը կբաժանվեն 4 զույգերի, որոնցում հաղթողները կնվաճեն Եվրո-2016-ի ուղեգիր:

Հիշեցնենք, որ ընտրական 9 խմբերում ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաեւ լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած հավաքականը: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու են 24 հավաքականներ: Եվրո-2016-ի կազմակերպիչ երկիր Ֆրանսիան եւս մասնակցում էր ընտրական փուլին, սակայն հաշվարկից դուրս է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով