00:35  ,  13 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Իսպանիան Ուկրաինային զրկեց ուղեգրից, Անգլիայի 100 տոկոսանոց ցուցանիշը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում պայքարն ավարտվեց նաեւ C ու E խմբերում, որոնցում հոկտեմբերի 12-ին անցկացվեց վերջին՝ 10-րդ տուրը:

Ուկրաինացիները Կիեւում ընդունել էին C խմբի առաջին տեղն ապահոված Իսպանիայի հավաքականին եւ հաղթանակի դեպքում կնվաճեին Եվրո-2016-ի ուղեգիր, սակայն պարտվեցին նվազագույն հաշվով եւ կմասնակցեն անցումային խաղերի: Ուկրաինայի պարտությունից օգտվեցին սլովակները, որոնք 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարան Լյուքսեմբուրգի նկատմամբ եւ, բարձրանալով երկրորդ տեղ, նվաճեցին Եվրո-2016-ի ուղեգիր:

E խմբում հաղթած Անգլիայի հավաքականը հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց Լիտվայի դարպասը եւ դարձավ միակ թիմը, որն ընտրական փուլն ավարտեց 100 տոկոսանոց ցուցանիշով՝ 30 միավոր: Անգլիացիների պես E խմբից ուղեգիր ապահովել էր նաեւ Շվեյցարիան, իսկ երրորդ տեղը գրաված Սլովենիան կմասնակցի անցումային խաղերի: 

Անգլիան պատմության 6-րդ հավաքականն է, որը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարն ավարտում է 100 տոկոսանոց ցուցանիշով:

Այսպիսով, Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին խաղային օրվանից առաջ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճել 17 հավաքականներ՝ Անգլիան, Չեխիան, Իսլանդիան, Ավստրիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեյցարիան, Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը, Իտալիան, Բելգիան, Ալբանիան, Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը եւ Սլովակիան:

Եվրո-2016, ընտրական փուլ, 10-րդ տուր

C խումբ

Ուկրաինա - Իսպանիա՝ 0:1

Մարիո Գասպար, 23

Չիրացված 11 մետրանոց՝ Սեսկ Ֆաբրեգաս, 25 (Իսպանիա)

Լյուքսեմբուրգ - Սլովակիա՝ 2:4

Մարիո Մուչ, 61, Լարս Գերսոն, 65 (11մ) – Մարեկ Համշիկ, 24, 90+1, Ադամ Նեմեց, 29, Ռոբերտ Մակ, 30

Բելառուս - Մակեդոնիա՝ 0:0

E խումբ

Լիտվա - Անգլիա՝ 0:3

Ռոս Բարկլի, 29, Գլեդրիուս Արլաուսկիս, 35 (ինքնագոլ), Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, 62

Էստոնիա - Շվեյցարիա՝ 0:1

Ռագնար Կլավան, 90+4 (ինքնագոլ)

Սան Մարինո - Սլովենիա՝ 0:2

Բոստյան Սեզար, 54, Նեյչ Պեցնիկ, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով