21:52  ,  11 հոկտեմբերի, 2015

Ալբանիան խոշոր հաշվով հաղթեց Երեւանում եւ նվաճեց Եվրո-2016-ի ուղեգիր (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ ավարտեց ելույթը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում, որում այդպես էլ հաղթանակ չտարավ եւ 2 միավորով գրավեց I խմբի վերջին տեղը: Հայկական թիմի վերջին մրցակիցն էր Ալբանիայի հավաքականը, որը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում հաղթեց 3:0 հաշվով եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր:

Մեկնարկում խաղի տեմպը ցածր էր, իսկ առաջին գոլային պահը եղավ 6-րդ րոպեին: Յուրա Մովսիսյանի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը հայտնվեց Գեւորգ Ղազարյանի մոտ, որը բարձր հարվածեց դարպասի առջեւից: 9-րդ րոպեին ալբանացիները բացեցին հաշիվը «Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի ինքնագոլի շնորհիվ: Սկզբնամասում հյուրերն ավելի լավ տեսք ունեին եւ հինալի էին աշխատում նաեւ առանց գնդակի՝ Հայաստանի հավաքականին չտալով ազատ գոտիներ: Դաշտի տերերի մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, որտեղ աննկատ էր Յուրա Մովսիսյանը, իսկ հյուրերը Գեւորգ Կասպարովին 1-2 անգամ անհանգստացնելուց հետո խփեցին երկրորդ գոլը:

23-րդ րոպեին տուգանային հարվածի խաղարկման արդյունքում աչքի ընկավ ֆրանսիական «Նանտի» պաշտպան Բերատ Ջիմսիտին: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս աջ կիսապաշտպանի դիրքում եւ երբեմն Գեւորգ Ղազարյանի հետ փոխվում էր եզրերով, բայց Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանն այնքան էլ նկատելի չէր առաջին խաղակեսում: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականն ուներ խաղային ու տարածքային նկատելի առավելություն եւ, խաղը տեղափոխելով մրցակցի կիսադաշտ, սկսեց ավելի շատ գրոհել: Այնուամենայնիվ, գործն իրական գոլային պահերի չհասավ, եւ ալբանացիները դիմացան ճնշմանն ու ընդմիջման գնացին 2 գոլի առավելությամբ: 45-րդ րոպեին Մարկոս Պիզելին կարող էր հավասարեցնել հաշիվը, եթե նրա հարվածը մի փոքր շեղ չստացվեր:

Ընդմիջմանը Սարգիս Հովսեփյանը Արթուր Յուսպաշյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Արաս Օզբիլիսին, իսկ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց հենակետային կիսապաշտպանի գոտի: Մեկնարկում ալբանացիները կարող էին խփել երրորդ գոլը, սակայն չօգտվեցին Հայաստանի թիմի պաշտպանների անհամաձայնեցված գործողություններից: Երկրորդ խաղակեսում դաշտի տերերն ունեին հսկայական առավելություն եւ գրեթե չէին հեռանում մրցակցի կիսադաշտից: Ժամանակն անցնում էր, իսկ հայկական թիմը չէր կարողանում խաղային առավելությունը վերածել գոլային պահերի:

Օզբիլիսը շատ հաջող էր մտել խաղի մեջ եւ բավական ակտիվ էր աջ եզրում, որտեղ ալբանացիները խնդիրներ էին ունենում պաշտպանվելիս: Հյուրերի մոտ նկատվում էր հոգնածություն, նրանք հազվադեպ էին դուրս գալիս սեփական կիսադաշտից, բայց դիմակայեցին մինչեւ վերջ եւ խփեցին նաեւ երրորդ գոլը: 75-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Արմանդո Սադիկուն շվեյցարական «Ցյուրիխից»: Վերջնամասում եւս Հայաստանի թիմի գրոհները վտանգավոր չէին, եւ մրցակիցը վստահորեն պահպանեց հաղթական հաշիվը:

Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո ալբանացիները մոտ 10 րոպե խաղադաշտում տոնում էին հաղթանակը, իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները դաշտը լքեցին «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո:

Այս հաղթանակի շնորհիվ ալբանացիները հավաքեցին 14 միավոր եւ, շրջանցելով Դանիայի հավաքականին, I խմբում գրավեցին երկրորդ տեղը ու պորտուգալացիների պես նվաճեցին Եվրո-2016-ի ուղեգիր: 12 միավոր հավաքած Դանիան անցումային խաղեր կանցկացնի ուղեգիր նվաճելու համար:

Հայաստանի հավաքականը հաղթանակ չտարավ 13-րդ խաղում անընդմեջ՝ թարմացնելով սեփական հակառեկորդը:

Եվրո-2016, ընտրական փուլ 

I խումբ, 8-րդ տուր
Հայաստան - Ալբանիա ՝ 0:3
Կամո Հովհաննիսյան, 9 (ինքնագոլ), Բերատ Ջիմսիտի, 23, Արմանդո Սադիկու, 75

Հայաստան. Գեւորգ Կասպարով, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Արթուր Յուսպաշյան (Արաս Օզբիլիս, 46), Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան (Վարդան Պողոսյան, 83), Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան (Արթուր Սարկիսով, 59):

Ալբանիա. Էտրիտ Բերիշա, Էլսայիդ Հյուսաջ, Լորիկ Ցանա, Բերատ Ջիմշիտի, Նասեր Ալիժի, Բաշա Միգյեն (Ամիր Աբրաշի, 87), Լեդյան Մեմուշաջ (Բուրիմ Կուկելի, 72), Շկելզեն Գաշի, Տաուլանտ Ջակա, Սոկոլ Չիկալեշի (Արմանդո Սադիկու, 58), Օդիսե Ռոշի:

Լուսանկարը՝ Պարույր Սինյավսկու / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով