20:21  ,  10 հոկտեմբերի, 2015

Ջանի Դի Բիազի. Վստահ չենք, որ հաղթելու ենք Հայաստանի հավաքականին

Ֆուտբոլի Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դի Բիազին նախախաղային ասուլիսում խոսեց Հայաստանի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղի մասին:

«Երբ Ալբանիայի հավաքականը գլխավորելուց հետո ասացի, որ գնալու ենք Ֆրանսիա, ալբանացիներն ինձ խենթ համարեցին: Այժմ մենք ունեք Եվրո-2016-ի ուղեգիր նվաճելու իրական շանսեր կամ նվազագույնը կմասնակցենք անցումային խաղերի: 

Հայաստանի դեմ առաջին մրցավեճում ես տպավորված էի մրցակցի խաղով: Միշտ ասել եմ, որ Հայաստանի թիմի խաղը դուր է գալիս ինձ: Հատկապես հավանում եմ Հենրիխ Մխիթարյանին։ Բեռնար Շալանդին ասել էի այդ մասին:

Շատ եմ կարեւորում Եվրոպայի առաջնության պես մրցաշարերին մասնակցելը՝ հատկապես, երբ խոսքը Հայաստանի ու Ալբանիայի պես մեծ բնակչություն չունեցող երկրների մասին է: Հուսով ենք, որ մի օր Հայաստանի հավաքականն էլ կունենա նման մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորություն: Պորտուգալիայի եւ Սերբիայի դեմ խաղերում անհաջող հանդես եկանք վերջնամասում եւ այժմ կանգնել ենք խնդրի առջեւ: Հիմա կենտրոնացած ենք միայն Հայաստանի դեմ խաղի վրա եւ պետք է ուշադիր լինենք, որ դարձյալ գոլ բաց չթողնենք վերջին րոպեին:

Մեր թիմում աշխատանքային ու լավ մթնոլորտ է, թեեւ վերջին վայրկյաններին պարտվելն իր հետեւանքներն է ունենում: Վստահ չենք, որ միանշանակ հաղթելու ենք Հայաստանին, սակայն վստահ ենք մեր կարողություններին: Այս կյանքում կարելի է վստահ լինել միայն, որ մի օր այն աշխարհ ենք գնալու: Այժմ այս մրցափուլում մեր անցած ուղին կարեւոր չէ: Սա հրաշքի պես մի բան է մեզ համար եւ պետք է օգտվենք այդ շանսից»,- նշեց իտալացի մասնագետը: 

Մարզիչի հետ ասուլիսին ներկա էր նաեւ Ալբանիայի հավաքականի ավագ Լորիկ Ցանան, որը նշեց հետեւյալը.

«Վաղը լինելու է մի խաղ, որում կփորձենք իրականացնել բոլոր ալբանացիների երազանքը»:

Հոկտեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացվելիք հանդիպումը կսկսվի ժամը 20:00-ին: Ալբանիայում կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է 1:2 հաշվով եւ հաղթանակ չունի Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին տուրից առաջ: 

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով