18:58  ,  10 հոկտեմբերի, 2015

Սարգիս Հովսեփյան. Ալբանիայի դեմ խաղը պատվի համար չէ

Եկեք չասենք, որ Ալբանիայի դեմ խաղը պատվի համար է. սա սպորտ է, եւ եթե մարզիկը պարտվում է, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը նրա պատվի հետ է խաղում:

Այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած նախախաղային ասուլիսում հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը՝ խոսելով ընկերական խաղում ֆրանսիացիներից կրած պարտության եւ Ալբանիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին խաղի մասին:

«Հասկանում ենք, որ այլեւս լուծելու խնդիրներ չունենք այս փուլում եւ պետք է լավ խաղ ցուցադրենք: Ոչ ոք չի կարող ասել, որ իր թիմը վաղն անպայման հաղթելու է, բայց մենք ամեն ինչ անելու ենք դրա համար: Ունենք ֆուտբոլիստներ, որոնք երկար ժամանակ թիմում են, բայց չեն խաղում: Մենք չգիտենք, թե ինչ կարող են նրանք ցուցադրել միջազգային հանդիպումներում եւ ընկերական խաղերը հենց դրա համար են:

Հասկացեք՝ մեկ բան է խաղալ Հայաստանի առաջնությունում, մեկ այլ բան՝ Հոլանդիայի երկրորդ կամ երրորդ դիվիզիոնում: Մարզիչի համար շատ կարեւոր է տեսնել իր ֆուտբոլիստին խաղադաշտում՝ հասկանալու համար պետք է նրան հրավիրել հավաքական, թե՝ ոչ:

Ֆրանսիայի դեմ մրցավեճում խաղադաշտում տեսա լավ եւ վատ բաներ: Ոմանք կորցրեցին իրենց, ոմանք էլ իրենց առաջին խաղում ցույց տվեցին, որ կարող են խաղալ այդպիսի աստղերի դեմ: Մեր ֆուտբոլիստները տարվա մեջ 3-4 անգամ են մասնակցում այդ կարգի հանդիպումների, իսկ մրցակիցն ամեն տարի անցկացնում է բազմաթիվ խաղեր:

Ֆրանսիայի դեմ խաղում Մխիթարյանի դիրքի փոփոխությունը դրական եղավ, քանի որ գրեթե բոլոր գրոհները նրա մասնակցությամբ էին: Իհարկե, ունենք նաեւ այլ ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ այդ դիրքում: Երեւի, Հենրիխին դարձյալ կխաղացնենք այդ դիրքում:

Եկեք չասենք, որ Ալբանիայի դեմ խաղը պատվի համար է. սա սպորտ է, եւ եթե մարզիկը պարտվում է, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը նրա պատվի հետ է խաղում: Սա սպորտ է, եւ պետք չէ ամպագորգոռ խոսքեր ասել: Այն, որ մենք հնարավոր ամեն ինչ անելու ենք մեր մարզադաշտում հաղթելու համար, միանշանակ է:

Եթե դիտել եք Ֆրանսիայի դեմ խաղի առաջին խաղակեսը, ապա հնարավոր չէ, որ լավ բաներ նկատած չլինեք: Մենք ունեցանք ավելի իրական գոլային պահ, քան մրցակիցը: Ես տղաներից տեսա այն, ինչ ակնկալում էի: Հետո խաղի տեմպն ընկավ, քանի որ խաղադաշտ դուրս բերեցինք անփորձ ֆուտբոլիստների, որոնք ինչ-որ չափով չկարողացան դիմակայել ֆրանսիացիներին: Ես մեղավոր եմ, քանի որ պարտության պատասխանատվությունը մարզիչի վրա է: Նորից նշեմ, որ առաջին խաղակեսում հավասար խաղ եր, եւ մենք կարող էինք գոլ խփել, սակայն ինքներս գնդակ ընդունեցինք: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստերի որակները բարձր էին, եւ նրանք օգտվեցին դրանից:

Ֆրանսիայում չէինք պայմանավորվել, որ երկրպագուները պետք է ներկա լինեն խաղին, սակայն մենք թույլ տվեցինք՝ իմանալով, որ նրանք հասել են մրցավայր: Պետք է երկրպագուներին երեւանյան մարզումներին թողնելու մասին հարցնել ՀՖՖ մամուլի ծառայությանը: Այնպես չէ, որ ամեն հարցում պետք է զանգել ինձ եւ թույլտվություն հարցնել:

Մեր թիմում կան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ: Կան խաղացողներ, որոնք չեն կարող խաղադաշտ դուրս գալ Ալբանիայի դեմ խաղում: Ոմանք էլ վատառողջ են, բայց ամեն ինչ կանենք նրանց խաղադաշտ դուրս բերելու համար»,- ասաց մարզիչը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Ալբանիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Նիցայում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընկերական խաղում Հայաստանի թիմը 0:4 հաշվով պարտվել էր Եվրո-2016-ի կազմակերպիչ երկիր է Ֆրանսիային, որն ընկերական խաղեր է անցկացնում ընտրական I խմբի թիմերի՝ Հայաստանի, Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների հետ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով