01:06  ,  9 հոկտեմբերի, 2015

Յուրգեն Կլոպը գլխավորեց «Լիվերպուլը»

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գլխավորեց անգլիական «Լիվերպուլը»: Գերմանացի մասնագետը հոկտեմբերի 8-ին ժամանել է Անգլիա, եւ կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Կլոպի տարեկան աշխատավարձը կլինի 6 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է dailymail-ը:

48-ամյա մասնագետի մարզչական շտաբում կընդգրկվեն Ժելկո Բուվաչն ու Պետեր Կրավիտցը, որոնք Կլոպի հետ էին նաեւ «Բորուսիայում»։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Բրենդան Ռոջերսի պաշտոնանկությունից հետո։

Յուրգեն Կլոպը «Բորուսիան» գլխավորել է 2008-2015 թվականներին։ Նրա ղեկավարությամբ դորտմունդյան թիմը դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, մեկ անգամ նվաճել է գավաթը։ Թիմը նաեւ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, երկուական անգամ դարձել է երկրի փոխչեմպիոն եւ հասել գավաթի խաղարկության եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում