20:39  ,  7 հոկտեմբերի, 2015

Երեւանում բացվեց շախմատի Եվրոպայի առաջին համալսարանական առաջնությունը (ֆոտո)

Պատահական չէ, որ շախմատի Եվրոպայի առաջին համալսարանական առաջնությունն անցկացվում է Հայաստանում: Այս մասին շախմատի Եվրոպայի առաջին համալսարանական առաջնության բացման ընթացքում ասաց Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ Լեոնս Էդերը։

Հոկտեմբերի 7-14-ը Երեւանում կկայանա շախմատի Եվրոպայի առաջին համալսարանական առաջնությունը, որին մասնակցում են 9 երկրի 25 համալսարանների 82 ուսանողներ:

«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում լինել եւ Հայաստանում անցկացնել Եվրոպայի առաջին համալսարանական շախմատային առաջնությունը: Հայաստանը այն երկիրն է, որը սիրում է սպորտը, մասնավորապես շախմատը, ահա թե ինչու համալսարանական առաջին խաղերը անցկացվում է Հայաստանում: Վստահ եմ, որ առաջնության օրերը լինելու են հետաքրքիր, մրցակցային, հիշարժան բոլոր մասնակիցների համար»,- աաց Լեոնս Էդեր:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը 82 ուսանող- մարզիկներին խորհուրդ տվեց մրցաշարի օրերին բացի մրցումներից, նաեւ վայելել հյուրընկալ Հայաստանը:

«Այսօր իրականում շախմատային մեծ տոն է: Այսօր աշխարհում ծնվում է մի նոր մրցաշար, որն իր հետ կբերի նոր մրցակցության հարթակ: Ես շատ ուրախ եմ այն մտքի համար, որ Եվրոպայում որոշվեց անցկացնել համալսարանական շախմատային մրցաշար: Սա մեծ ապագա ունեցող մրցաշար է: Համոզված եմ, որ հետաքրքիր զարգացում կտեսնենք մրցաշարի օրերին: Չնայած հաղթողը մեկն է լինելու, բայց ցանկանում եմ առաջնության մասնակից բոլոր ուսանող-մարզիկներին մաղթել հաճելի օրեր մեր հյուրընկալ երկրում»,- նշեց Սմբատ Լպուտյանը:

Շախմատի Եվրոպայի առաջին համալսարանական առաջնությունը բացված հայտարարեց Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Եվրոպայի առաջին համալսարանական առաջնությանը մասնակցում են 9 երկրների 25 համալսարանների 82 ուսանողներ: Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով