20:03  ,  7 հոկտեմբերի, 2015

Ֆաբիո Կապելո. Ֆանտաստիկ տպավորություններ ունեմ Հայաստանից

Իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն հոկտեմբերի 7-ին Երեւանի «Բանանցի» մարզաբազա այցելությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, փոխանցում է «Բանանցի» կայքը: 

Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները:

Առաջին անգամ եմ Հայաստանում եւ ֆանտաստիկ տպավորություններ ունեմ: Ես շատ եմ սիրում պատմություն եւ այդ առումով Հայաստանը հետաքրքիր երկիր է: Պետք է դուրս գամ եւ շրջեմ երկրում, որպեսզի ավելի լավ ճանաչեմ երկիրը: 

Ի՞նչ գիտեք Հայաստանի եւ հայկական ֆուտբոլի մասին:

Գիտեմ, որ կան արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներ: Մի քանի տարի առաջ մենք խաղացել ենք Հայաստանի հավաքական դեմ եւ հիշում, որ Հայաստանը բավական լավ էր խաղում: Հավաքականի կազմում կային շատ որակյալ ֆուտբոլիստներ:  

Ինչպիսի՞ն են տպավորությունները «Բանանցի» մարզահամալիրից:

Սա հիանալի վայր է մարզումների համար: Ինձ համար հետաքրքիր է, որ այստեղ կա ակադեմիա եւ դպրոց: Ինձ համար դա շատ կարեւոր է: Հինգ տարի ես աշխատել եմ ակադեմիայում եւ այդ ամենը շատ եմ կարեւորում:  

Ինչպե՞ս է ստացվել, որ եկել հենց «Բանանց»:

Իմ շատ լավ ընկերն է Ջիվան Չելոյանցը: Արդեն երեք տարի է ճանաչում եմ նրան, երբ նա «Սպարտակի» փոխնախագահն էր: Ինձ համար սա հիանալի հնարավորություն էր այս երկիրը տեսնելու համար: Ինձ համար հետաքրքիր է տեսնել, թե ինչ է կատարվում այլ երկրներում եւ ինչպես է զարգանում սպորտն ու ֆուտբոլը:  

Ճի՞շտ է, որ այլեւս չեք զբաղվելու մարզչական գործունեությամբ:

Այժմ ես կատարում եմ նույն աշխատանքը, ինչ՝ դուք: Զբաղվում եմ մեկնաբանական գործունեությամբ եւ ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս