10:50  ,  7 հոկտեմբերի, 2015

Հայաստանի հավաքականը մեկնեց Ֆրանսիա

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, չարտերային չվերթով մեկնեց Ֆրանսիա: Հոկտեմբերի 8-ին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Հայաստանի հավաքականը Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում ընկերական խաղ կանցկացնի ֆրանսիացիների հետ:

Հավաքական հրավիրված 22 ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Գաել Անդոնյանը չէին ժամանել Երեւան եւ թիմակիցներին կմիանան Նիցայում:

Հոկտեմբերի 7-ին՝ Երեւանի ժամանակով 21:00-ին, «Ալյանս Ռիվյերայի» ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը, իսկ ժամը 21:30-ին կսկսվի ազգային թիմի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն հավատարմագրված լրագրողների համար:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կայանալիք հանդիպումից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում մրցելու է ալբանացիների հետ՝ անցկացնելով Եվրո-2016-ի վերջին ընտրական խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով