01:11  ,  5 հոկտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Այժմ կարդում եմ Թոմաս Տուխելի նվիրած գիրքը

Թոմաս Տուխելի հետ առաջին զրույցից հասկացա, որ նա հավատում է ինձ, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խոսել է գիրք կարդալու եւ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին:

«Դորտմունդում բնակվում եմ քաղաքի հարավային հատվածում, որտեղ վարձել եմ բնակարան: Հիմա ապրում եմ մենակ, բայց շուտով ինձ կմիանա ընտանիքս, որը կհանգրվանի հարեւան տանը:

Դորտմունդի կյանքին հարմարվելը բարդ էր առաջին կես տարում: Սկզբում ոչինչ չգիտեի քաղաքի մասին, բայց հանդիպեցի լավ ընկերների, որոնք օգնեցին ինձ: Խոսքը թիմակիցներիս եւ մի քանի հայերի մասին է: Գերմանացիները շատ կարգապահ են: Այստեղի կյանքը նման է Ֆրանսիային, որտեղ եւս ապրել եմ:

Թոմաս Տուխելի հետ առաջին զրույցից հասկացա, որ նա հավատում է ինձ: Նա առանձնապես ոչինչ չասաց ինձ, պարզապես հնարավորություն տվեց ամեն բան սկսել նորից: Մարզիչը նշեց, որ մեր խաղաոճն ինձ թույլ կտա ցուցադրել ամբողջ ներուժս: Այդ ժամանակ ես նրան հավատացի 90 տոկոսով, բայց ամեն ինչ ստացվեց: Նոր խաղային դիրքը հարմար է ինձ համար, քանի որ այդ դիրքում հանդես էի գալիս նաեւ «Շախտյորում»:

Ինչ վերաբերում է «Բորուսիայի» հետ նոր պայմանագիր կնքելուն, ապա այժմ ես կենտրոնացած եմ թիմի ելույթների վրա եւ չեմ ընկնում երազանքների գիրկը: Կցանկանայի հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպայի լիգայում:

Ես շատ եմ կարդում, որպեսզի հետագայում կարողանամ ճիշտ պատասխանել երեխաներիս հարցերին: Չեմ ցանկանում այդ պատասխանները գտնել Google-ում: Այժմ կարդում եմ «Inner Game of Tennis» գիրքը, որն ինձ նվիրել է Թոմաս Տուխելը: Դա հոգեբանական պատրաստվածության մասին գիրք է, իսկ մինչեւ այդ կարդում էի Պաոլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» գիրքը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է stern.de-ն:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 26-ամյա Մխիթարյանը մասնակցել է 8 խաղի եւ դարձել է 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Բունդեսլիգայի 8-րդ տուրից հետո «Բորուսիան» երկրորդ տեղում եւ 7 միավոր է զիջում Մյունխենի «Բավարիային», որն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով