00:19  ,  5 հոկտեմբերի, 2015

«Ռեալը» բաց թողեց հաղթանակը դերբիում, «Վիլյառեալը» պարտվեց եւ մնաց առաջին տեղում

Մադրիդի «Ռեալը» չօգտվեց իսպանական Պրիմերայի առաջին տեղ բարձրանալու հնարավորությունից: 7-րդ տուրում Արքայական ակումբը մադրիդյան դերբիում ոչ ոքի խաղաց «Աթլետիկոյի» հետ՝ հաղթանակը բաց թողնելով վերջնամասում: «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կայացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը:

«Ռեալն» առավելություն ուներ սկզբնամասում եւ խփեց արագ գոլ: 9-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: «Աթլետիկոն» աստիճանաբար հավասարեցրեց խաղը, իսկ 22-րդ րոպեին ստացավ 11 մետրանոցի իրավունք, սակայն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հարվածից հետո Կեյլոր Նավասը փրկեց հյուրերին: Մնացած ժամանակահատվածում Դիեգո Սիմեոնեի թիմն ունեցավ պատասխան գոլը խփելու մի շարք հնարավորություններ, բայց հաշիվը հավասարեցրեց միայն 84-րդ րոպեին: Խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած արգենտինացի 21-ամյա հարձակվող Լուսիանո Վիետոն: Վերջնամասում տանտերերը կարող էին նաեւ կամային հաղթանակ կորզել, եթե չլիներ Կեյլոր Նավասի վստահ խաղը: 

Առաջատար «Վիլյառեալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Լեւանտեին», թեեւ 16 միավորով մնաց առաջին տեղում: Դա «Վիլյառեալի» առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում:

«Ռեալը» վաստակեց 15 միավոր եւ Վիգոյի «Սելտայի» ու այս տուրում «Սեւիլիային» պարտված «Բարսելոնայի» հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: «Աթլետիկոն» 14 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը:

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Աթլետիկո» - «Ռեալ»՝ 1:1

Լուսիանո Վիետո, 83 – Քարիմ Բենզեմա, 9

Չիրացված 11 մետրանոց՝ Անտուան Գրիզման, 22 («Աթլետիկո»)

«Լեւանտե» - «Վիլյառեալ»՝ 1:0

Դեյվերսոն, 83

Հեռացում՝ Բոյան Ջոկիչ, 36 («Վիլյառեալ»)

«Աթլետիկ» - «Վալենսիա»՝ 3:1

Այմերիկ Լապորտ, 34, Մարկել Սուսաետա, 60, Արիս Ադուրից, 69 – Դանիել Պարեխո, 20

«Ռայո Վալյեկանո» - «Բետիս»՝ 0:2

Հեյկո Վեստերման, 20, Ռուբեն Կաստրո, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով