23:04  ,  4 հոկտեմբերի, 2015

Բունդեսլիգա. Օբամեյանգը թարմացրեց սեփական ռեկորդը

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում գրավելով Մյունխենի «Բավարիայի» դարպասը, թարմացրեց սեփական ռեկորդ:

26-ամյա գաբոնցին առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում Բունդեսլիգայի մեկնարկային 8 տուրերի բոլոր խաղերում, հաղորդում է Bild-ը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Օբամեյանգը խփել է 10 գոլ եւ 2 գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Ռոբերտ Լեւանդովսկուն:

Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած խաղում Օբամեյանգի գոլը չօգնեց «Բորուսիային», որը 1:5 հաշվով պարտվեց «Բավարիային»: Գերմանիայի չեմպիոնն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ եւ 7 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող դորտմունդյան ակումբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում