21:19  ,  4 հոկտեմբերի, 2015

«Բավարիան» չնկատեց Դորտմունդի «Բորուսիային»

Գերմանական Բունդեսլիգայում Մյունխենի «Բավարիայի» հաղթարշավը չկարողացավ ընդհատել նաեւ Դորտմունդի «Բորուսիան», որն 8-րդ տուրի խաղում պարտվեց 1:5 հաշվով: Խոսեպ Գվարդիոլայի թիմը տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը եւ 100 տոկոսանոց ցուցանիշով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Բորուսիան» վատ չսկսեց Մյունխենում կայացած խաղը եւ սկզբնամասում անցկացնում էր գրոհներ, բայց հաշիվը բացեցին տանտերերը: 26-րդ րոպեին դա արեց գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, որը 8 րոպե անց դարձավ նաեւ դուբլի հեղինակ: Երկրորդ գոլի դրվագում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, իսկ «Բավարիան» 11 մետրանոցից կրկնապատկեց հաշիվը: Հյուրերը կրճատեցին հաշիվը 2 րոպե անց, երբ Մխիթարյանի մասնակցությամբ գրոհը եզրափակեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ գոլ խփելով Բունդեսլիգայի 8-րդ տուրի խաղում անընդմեջ:

Թիմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի ժամանակ, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բավարիան» խփեց եւս 2 գոլ: 46-րդ եւ 58-րդ րոպեներին աչքի ընկավ «Բորուսիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը 12 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը եւ 2 գնդակ առաջ անցավ Օբամեյանգից: Դորտմունդյան ակումբը շարունակում էր գրոհներ անցկացնել եւ ունեցավ գոլային պահեր, սակայն խաղի վերջին գոլը եւս խփեցին դաշտի տերերը: Հանդիպման վերջակետը 66-րդ րոպեին դրեց «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Մարիո Գյոտցեն: Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման եւ ունեցավ գոլային պահեր:

26-ամյա Օբամեյանգը թարմացրեց սեփական ռեկորդը՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Բունդեսլիգայի մեկնարկային 8 տուրերի բոլոր խաղերում: 

Թոմաս Տուխելի թիմը 17 միավորով մնաց երկրորդ տեղում եւ արդեն 7 միավոր է զիջում «Բավարիային»:

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դ.»՝ 5:1

Թոմաս Մյուլեր, 26, 34 (11մ), Ռոբերտ Լեւանդովսկի, 46, 58, Մարիո Գյոտցե, 66 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 36

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Խավի Մարտինես, Դավիդ Ալաբա, Խաբի Ալոնսո (Ջոշուա Կիմիչ, 76), Տյագո Ալկանտարա (Արտուրո Վիդալ, 68), Դուգլաս Կոստա, Մարիո Գյոտցե, Թոմաս Մյուլեր (Կինգսլի Կոման, 82), Ռոբերտ Լեւանդովսկի:

«Բորուսիա». Ռոման Բյուրկի, Լուկաշ Պիշչեկ, Մատս Հումելս, Սվեն Բենդեր, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Յուլիան Վայգլ, Իլկայ Գյունդոգան, Գոնսալո Կաստրո (Ադնան Յանուզայ, 53), Հենրիխ Մխիթարյան, Սինձի Կագավա (Մարկո Ռոյս, 53), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:

«Բայեր» - «Աուգսբուրգ»՝ 1:1

Քարիմ Բելարաբի, 39 – Բերնդ Լենո, 12 (ինքնագոլ)

Չիրացված 11 մետրանոց՝ Հական Չալհանօղլու, 71 («Բայեր»)

«Շալկե» - «Քյոլն»՝ 0:3

Անտոնի Մոդեստ, 46, Յաննիկ Գերհարդ, 79, Սիմոն Զոլեր, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով