Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (41-8-1, 30 նոկաուտ) վստահ հաղթանակ է տարել իր 50-րդ մենամարտում:
Հոկտեմբերի 3-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած 10 ռաունդանոց մենամարտում 39-ամյա Դարչինյանը նոկաուտի ենթարկեց Թաիլանդի ներկայացուցիչ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչին, որը ռինգի հատակին հայտնվեց երկրորդ ռաունդում: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ:
Հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 41-րդ հաղթանակը, 30-րդը՝ նոկաուտով:
Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2015-ի հունսիսի 7-ին ԱՄՆ-ում, որտեղ տեխնիկական նոկաուտով պարտվել էր 28-ամյա արգենտինացի Խեսուս Կուելյարին (26-1, 20 նոկաուտ): Այդ մենամարտը կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով չեմպիոնական գոտու համար էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում