01:44  ,  4 հոկտեմբերի, 2015

Ռոման Ասխաբաձե. Վերջին արդյունքները չեն ուրախացնում մեզ

«Բանանցի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն ֆուտբոլի Հայաստանի առաջնության 9-րդ տուրում «Փյունիկից» նվազագույն հաշվով կրած պարտությունից հետո պատասխանել է ակումբի կայքի հարցերին:

Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները «Բանանցի» ելույթներից:

Բնականաբար, մեզ չեն ուրախացնում վերջին արդյունքները, բայց ամեն ինչ միանգամից չի լինում: Համոզված եմ, որ հաղթանակները կգան և դրա համար, ինչպես նախկինում էի ասում, անհրաժեշտ է շատ բան փոխել ակումբի ամբողջ կառուցվածքում:

Ինչպիսի՞ փոփոխությունների մասին է խոսքը:

Մենք արդեն ունենք բավականաչափ տեղեկատվություն և վերլուծել ենք այն ամենն, ինչ տեղի է ունենում հիմա: Այդ պատճառով առաջիկա օրերին պլանավորվում է ակումբի սեփականատերերի հետ հանդիպում, որի ընթացքում էլ կհաստատենք առաջիկա մրցաշրջանների ընթացքում զարգացման ուղին: 

Այսօր մարզադաշտում ներկա մոտ 2000 հանդիսականներ զգացին հանդիպման կազմակերպման մեջ տարբերությունները: Արդյո՞ք շարունակվելու են երկրպագուներին մարզադաշտ բերելուն ուղղված ծրագրերը: 

Սա շատ դրական պահ է: Մեկ շաբաթվա ընթացքում մեզ հաջողվեց ավելի շատ երկրպագու բերել մարզադաշտ, քան երբևէ վերջին տարիների ընթացքում: Հետագայում էլ պլանավորում ենք զարգացնել հավատարմության ծրագիրը և մեծացնել մեր մարզադաշտում հանդիսականների քանակը: Եվ այս ամենը թիմի ոչ լավագույն արդյունքների պարագայում: Բոլորին սպասու՛մ ենք մեր մարզադաշտում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս