16:20  ,  3 հոկտեմբերի, 2015

Երեւանյան կիսամարաթոնի հաղթողները ստացան 1-ական միլիոն դրամ

Երեւանում առաջին անգամ անցկացված «Երեւան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնի հաղթողները ստացել են 1-ական միլիոն դրամ մրցանակային գումար: Գլխավոր վազքուղու՝ 21.1 կմ տարածության տղամարդկանց պայքարում առաջինը եզրագիծը հատեցին Սերգեյ Լուկինը (Ռուսաստան), Քրիստիան Ստոյանը (Ռումինիա) եւ Արաբո Հազարյանը (Իրան, Թեհրան):

Աղջիկների պայքարում 21 կմ տարածության վազքում առաջինը եզրագծին հասան Իրինա Սերգեեւնան (Ռուսաստան), Կատյա Կարմանենկոն (Ուկրաինա) եւ Անդրեա Պրիշկուն (Ռումինիա):

Միջոցառումը մեկնարկեց Հանրապետության հրապարակից եւ ներառեց 4 վազքարշավ` կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2x10,550 կմ), 5 կմ վազք եւ 12-15 տարեկան դպրոցականների համար՝ 2,5 կմ վազք:

5 կմ տարածության վազքի աղջիկների հաղթողը Վանաձորի ներկայացուցիչ Լիլիթ Սուրաջյանն է, իսկ տղաների առաջատարն է Երվանդ Մկրտչյանը (Գյումրի): 10,5 կմ փոխանցավազքում լավագույնները Լիլիթ Հարությունյանը եւ Աննա Քարհանյանը, Մուշեղ Շահվերդյանը եւ Վահե Իվանյանն էին:

Երեւանյան առաջին կիսամարաթոնի մրցանակային հիմնադրամը կազմում էր 6 միլիոն դրամ:

Կիսամարաթոնը Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի (ՀԱՖ) կազմակերպած միակ միջազգային վազքարշավն է:

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ: Առաջին կիսամարաթոնն իր մասնկացությամբ պատվել էր Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը՝ եղբոր հետ, ով մասնակցեց 2,5 կմ վազքարշավին:

Միջոցառմանը վազքուղի էին դուրս եկել 4717 վազորդներ եւ 93 կամավորներ: Թեեւ մարզիկների թիվը մեծ էր, սակայն որեւէ լուրջ վնասվածքներ, միջադեպեր չեն գրանցվել եւ վազորդները հետեւել են միջազգային բոլոր կոնոններին:

Կազմակերպիչները նաեւ տեղեկացնում են, որ Հանրային հեռուստաընկերությամբ եւ այլ լրատվամիջոցներով փողոցների փակման մասին տեղեկությունը տարածվել է, այդ մասին նաեւ տեղեկացվել են համապատասխան գերատեսչությունները, սակայն, ցավոք, տեխնիկական պատճառներով տեղեկատվությունը չի տարածվել սահմանված կարգով, որի առիթով կազմակերպիչները եւ անձամբ Ռոբերտ Էմմիյանը հայցում են բոլոր բնակիչների ներողամտությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում