15:45  ,  3 հոկտեմբերի, 2015

Ռոբերտ Էմմիյան. Յուրի Ջորկաեֆը սիրում է Հայաստանը, հիացած է եւ պատրաստ է օգնել հայկական սպորտին

Յուրի Ջորկաեֆն իսկապես հիացած է, նա սիրում է Հայաստանը, նա պատրաստակամ է օգնել հայկական սպորտին, ցանկանում է օգնել պատանիներին հաջողությունների հասնելու սպորտում:

Այս մասին ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի չգերազանցված ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:

«Ես անչափ երջանիկ եմ, որ իմ երազանքը վերջապես իրականություն դարձավ: Կիսամարաթոնն արդեն իրականություն է, եւ այն իրագործելու համար ինձ օգնեցին Հայաստանի կառավարությունը, Հայաստանի սպորտի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի գլխավորությամբ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բոլորին շնորհակալ եմ, այդ թվում Հայաստանի առողջապահության նախարարությանը, Հայաստանի ոստիկանությանը: Բոլորը միահամուռ ամեն ինչ արեցին, որպեսզի այս սպորտային միջոցառումը կայանա, իմ երազանքը իրականություն դառնա:

Այստեղ ներկա գտնվողները բոլորն էլ հաղթողներ են: Կիսամարաթոնում կարեւորը առաջինը եզրագիծ հասնելու նպատակը չէ, մասնակցությունն արդեն հաղթանակ է: Ուրախ եմ, որ այսքան կամավորներ եկել են մասնակցելու այս մեծ նախաձեռնությանը: Այսօր մասնակիցներից յուրաքանաչյուրը Հայաստանում առաջին անգամ անցացվող միջազգային կիսամարաթոնի առաջին ծիծեռնակներն են:

Փորձելու ենք ամեն ինչ անել, որ կիսամարաթոնը շարունակական լինի, ամեն տարի կազմակերպվի եւ անցկացվի: Արդեն հստակ որոշում կա, որ կիսամարթոններ անցկացվեն Հայաստանի մարզերում, Արցախում: Այդպիսով կկարողանանք էլ ավելի բարելավել կազմակերպչական աշխատանքները, մեծ թվով մասնակիցներ ունենալ, շատ հյուրեր դրսից ունենալ»,- նշեց Հայաստանում առաջին անգամ անցկացված կիսամարաթոնի նախաձեռնող Ռոբերտ Էմմիյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե ինչու Ռոբերտ Էմմիյանը չվազեց Յուրի Ջորկաեֆի հետ, նա կատակով նշեց, որ Յուրի Ջորկաեֆն իրենից ուժեղ է, այդ պատճառով էլ չվազեց:

«Ես հպարտ եմ, որ Յուրի Ջորկաեֆը անմիջապես ընդունեց իմ հրավերը: Երախտապարտ եմ նրանց: Շնորհակալ եմ նաեւ մեր ղեկավարությանը, որ այսպիսի ջերմությամբ ընդունեցին Ջորկաեֆ եղբայրներին: Բոլորը բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպեցին՝ իմանալուն պես, որ Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է:

Յուրի Ջորկաեֆն իսկապես հիացած է, նա սիրում է Հայաստանը, նա պատրաստակամ է օգնել հայկական սպորտին, ցանկանում է օգնել պատանիներին սպորտում հաջողությունների հասնելու համար: Ես նույնպես ցանկանում եմ ամեն ինչ անել, որ հայկական սպորտը զարգանա: Մենք մարզասեր ժողովուրդ ենք. ամեն նման սպորտային միջոցառումներից ուրախանում ենք: Այսօր այստեղ ավելի քան 3000 պատանի մասնակից կա: Այս պատանիները մի քանի տարի անց կլինեն մարաթոնային վազքի մասնակիցներ: Գուցե նրանից շատերը հայկական սպորտի ապագան են:

Ինչ վերաբերում է իմ մասնակցելուն, ես չվազեցի, քանի որ ցանկանում էի լինել բոլորի կողքին, կազմակերպչական աշխատանքներին հետեւել: Յուրի Ջորկաեֆն ինձանից ուժեղ է, նա վազեց պատանիների հետ: Ես հետեւեցի եւ իմ խորհուրդներով աջակցեցի վազորդներին: Իսկապես շատ կուզեի մասնակցել, բայց հյուրերին չէի կարող թողնել: Նրանց ներկայությունն իմ վազքին մասնակցելուց շատ ավելի կարեւոր էր»,- ավելացրեց Ռոբերտ Էմմիյանը:

Կիսամարաթոնը կազմակերպվել է կառավարության պետական ծրագրով՝ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչը «Ռանարմ» ընկերությունն է:

Գլխավոր նախաձեռնողը հայկական սպորտի լեգենդ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն է: Առաջին մեկնարկին մասնակցում էր նաեւ ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում