00:57  ,  1 հոկտեմբերի, 2015

Ռոնալդուն կրկնեց «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու Ռաուլի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլի հեղինակ դառնալով շվեդական «Մալմյոյի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղում, խփած գոլերով հավասարվեց Արքայական ակումբի պատմության լավագույն ռմբարկու Ռաուլ Գոնսալեսին:

Պորտուգալացի հարձակվողը «Ռեալում» գոլերի քանակը հասցրեց 322-ի: Ռաուլը մադրիդյան ակումբում 322 գոլ խփել էր 741 խաղում, իսկ 30-ամյա Ռոնալդուից պահանջվեց 308 հանդիպում, հաղորդում է Infostrada-ն:

Բացի այդ, Ռոնալդուն իսպանացի լեգենդար հարձակվողին գերազանցեց եվրագավաթներում «Ռեալի» կազմում խփած գոլերի ցուցանիշով՝ սահմանելով ռեկորդ: Պորտուգալացին եվրագավաթներում խփել է 69 գոլ, իսկ Ռաուլը՝ 67:

Հիշեցնենք, որ «Մալմյոյի» դեմ խաղում Պորտուգալիայի հավաքականի ավագն անցկացրեց կարիերայի 753-րդ խաղը եւ խփեց 500-րդ եւ 501-րդ գոլերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում