18:36  ,  4 սեպտեմբերի, 2015

Ալեքսանդր Միրզոյան. Այժմ Մովսիսյանն ավելի շատ է մարզվում, ավելի շատ է տրվում խաղին

Երեւանի «Արարատի» եւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին խաղացող Ալեքսանդր Միրզոյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի եւ ռուսական ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի մարզավիճակն ու լուրերը, թե ֆուտբոլիստը հեռանալու է «Սպարտակից»։

«Այդ լուրերը տարածած Ռոման Օրեշչուկը Յուրա Մովսիսյանի գործակալը չէ։ Երբ նրա գործակալը կամ Դմիտրի Ալենիչեւը խոսի այդ մասին, այն ժամանակ էլ հնարավոր կլինի որեւէ մեկնաբանություն անել։ Օրեշչուկին չեմ ճանաչում եւ չեմ ցանկանում քննարկել նրա ասածը։ Առհասարակ, գործակալների ասածներն ինձ չեն հետաքրքրում։

Ալենիչեւի ղեկավարությամբ Յուրա Մովսիսյանի առաջընթացը «Սպարտակում» ակնհայտ է։ Սակայն յուրաքանչյուր ֆուտբոլիստ ինքն է պատասխանատու իր մարզավիճակի համար։ Եթե նա վատ մարզավիճակում է, դա չի նշանակում, որ նրան վատ են մարզում։

Այժմ Մովսիսյանն ավելի շատ է մարզվում, ավելի շատ է տրվում խաղին, ունի մշտական տեղ մեկնարկային կազմում, խաղում է օգտակար, գնդակ է խփում։

Ես միշտ ուրախանում եմ, երբ ֆուտբոլիստը վնասվածքից հետո կարողանում է վերականգնվել եւ դարձյալ նվաճել տեղը հիմնական կազմում։ Դա խոսում է մարդու բնավորության մասին»,- Միրզոյանի խոսքը մեջբերում է eurofootball.ru-ն։

Հիշեցնենք, որ ֆուտբոլային գործակալ Ռոման Օրեշչուկը հայտարարել էր, թե Յուրա Մովսիսյանին գնելու ցանկություն ունի անգլիական ակումբներից մեկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում