17:38  ,  4 սեպտեմբերի, 2015

Արտյոմ Խաչատուրյանը՝ «Միկայի» բյուջեի եւ նպատակների մասին

Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ լուծարման շեմին հայտնված Երեւանի «Միկան» միաձուլվել էր ռուսական «Կվազարի» հետ, որի մի քանի խաղացողներ եւ մարզչական շտաբը տեղափոխվել են Հայաստան։

«Միկայի» մարզական տնօրեն է նշանակվել «Կվազարի» հիմնադիր Արտյոմ Խաչատուրյանը, որը ժամանակին աշխատել է Մոսկվայի «Սպարտակի» սելեկցիոն ծառայությունում։

Ռուսական «Ֆուտբոլ» պարբերականի հետ զրույցում Խաչատուրյանը պատմել է «Միկայի» բյուջեի եւ ծրագրերի մասին։

«Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես է գալիս ութ թիմ, սակայն չորս ակումբ ստանում է եվրագավաթային ուղեգիր։ Այդ մրցաշարերում հայտնվելը երաշխավորում է 200 հազար եվրո։ Դա անհրաժեշտ բյուջեի մոտ կեսն է։ Ոչ հարուստ հայկական թիմին մեկ մրցաշրջանի համար բավական է 400-450 հազար եվրո։ «Միկան» գործում է այդ սահմաններում եւ վճարում է համեստ աշխատավարձ՝ 100-ից 800 դոլար ամսական։ Հաղթանակի համար պարգեւավճարը 250 դոլար է։

Հաջորդ մրցաշրջանում խնդիր ենք դրել Հայաստանի տարբեր վայրերից գտնել տաղանդավոր պատանիների։ Եթե ընտրություն կատարելու լինենք նույն կարգի 18-ամյա ռուս, թե հայ ֆուտբոլիստների միջեւ, կընտրենք հայ խաղացողի։

«Միկայում» այժմ ներդրումներ կատարողները հովանավորներ չեն։ Նրանք ներդրողներ են, որոնք ցանկանում են վաստակել։ Այս մրցաշրջանի համար մեծ խնդիրներ չենք լուծելու։ Բայց հետագայում խնդիր կդրվի նվաճել եվրագավաթների ուղեգիր։ Արդեն հիմա հետաքրքրություն կա մեր ֆուտբոլիստների նկատմամբ։ Օրինակ՝ 20-ամյա Թայմուրազ Տոբոեւին ձեռք բերելու ցանկություն ունեն Նորվեգիայից։

Հայաստանի առաջնությունը շատ հարմար է։ Ութ թիմերից վեցը խաղում է Երեւանում։ Տրանսպորտային ծախսերը նվազագույն են։ Չկա լեգեոնականների սահմանափակում, բացառությամբ՝ դարպասապահի, որը պետք է հայ լինի։ Ամենազարմանալին այն է, որ Հայաստանի Բարձրագույն խմբում հայտավորվելն ավելի էժան է, քան Ռուսաստանի երրորդ լիգայի առաջնությունում։ Անհրաժեշտ է 10 հազար դոլար»,- պատմել է Արտյոմ Խաչատուրյանը։

Հայաստանի առաջնության 5-րդ տուրից հետո «Միկան» 4 միավորով նախավերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում