10:33  ,  4 սեպտեմբերի, 2015

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնեց Լաս Վեգաս (ֆոտոշարք)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 4-ին մեկնեց ԱՄՆ, որտեղ Լաս Վեգաս քաղաքում սեպտեմբերի 7-12-ը կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի կազմում Լաս Վեգաս մեկնեցին 8 ըմբիշներ՝ Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) եւ Էդգար Խաչատրյան (125 կգ):

Լեւոն Ջուլֆալակյանի հետ միասին թիմին ԱՄՆ ուղեկցեցին նաեւ մարզիչներ Սամվել Գեւորգյանը, Գեւորգ Ալեքսանյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը եւ հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանը:

Հայաստանի հավաքականի մարզիչներից Սամվել Գեւորգյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մրցավայր են մեկնում բարձր տրամադրությամբ եւ ակնկալիքներով:

«Նախապես չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց ակնկալիքներ ունենք: Իմ կարծիքով, ակնկալիքներն արդարացումներ են ունենալու: Թիմը պատրաստ է աշխարհի առաջնությանը եւ մասնակիցներից յուրաքանչյուրից սպասում ենք ամենալավ մեդալը: Այս աշխարհի առաջնությունը տարբերվում է մյուսներից, որովհետեւ խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր: Բնական է, որ սպասվում է լարված պայքար, մասնակիցների թիվն ավելի մեծ է լինելու: Բայց մենք բարդություններից չենք վախենում, քանի որ երբեմն որքան ավելի բարդ է, մեզ համար ավելի լավ է լինում: Վարկանիշների հույսեր էլ ունենք, բայց այս պահին որեւէ կանխատեսում չեմ կարող անել. ամեն ինչ պարզ կլինի Լաս Վեգասում: Բարձր տրամադրությամբ այժմ մեկնում ենք ԱՄՆ:

Մենք եւս կարող էինք մրցումներից 2 շաբաթ առաջ մեկնել Լաս Վեգաս, բայց նախընտրեցինք մեկնել մեկ օր առաջ, որպեսզի օդի փոփոխությունը, ժամային գոտիների տարբերությունը մարզիկների վրա չհասցնի ազդել առաջնության օրերին: Սա բժշկական մոտեցում է, մարզիկները մեկ օր առաջ մեկնում են մրցավայր եւ անմիջապես կշռվում: Այսպես ճիշտ է, մարզիկներն էլ իրենց լավ են զգում: Նույն կերպ է վարվում նաեւ Ռուսաստանի հավաքականը: Ամբողջ աշխարհում ընդունված կարգ է: Հակառակ դեպքում՝ մրցումներից առնվազն երկու շաբաթ առաջ պետք է մեկնել մրցավայր, որպեսզի մարդու օրգանիզմը հարմարվի տվյալ երկրի բնակլիմայական պայմաններին ու ժամային գոտիների տարբերությանը»,- ասաց Սամվել Գեւորգյանը:

Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչը եւ հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանն, իր հերթին նշեց հետեւյալը.

«Մենք՝ մարզիչներս, մեր առջեւ խնդիր էինք դրել թիմին բելեր այն մարզավիճակին, որ իրենք պատրաստ լինեն իրենց հնարավորություններից մեկ քայլ էլ ավելի հանդես գալուն։ Կարեւորն այն է, որ վնասվածքներ չունենք եւ բոլորս բարձր տրամադրությամբ մեկնում ենք աշխարհի առաջնությանը: Չեմ կարող ասել՝ ինչ արդյունքներով կվերադառնանք, նախապես հայտարարություն չեմ անի, քանի որ անկանխատեսելի է: Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, ես հավատում ու վստահում եմ իմ որդուն, բայց թե ինչպես կընթանան աշխարհի առաջնության գոտեմարտերը, ովքեր կլինեն մրցակիցները, չեմ կարող ասել: Արթուրի հետ մարզվել ենք ամբողջ ծրագրով, այնպես որ նա կարողանա ցուցադրել իր լավագույն որակները»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում