Մենք պետք է անմնացորդ նվիրվենք վաղվա խաղում, քանի որ մենք երկրի պատիվն ենք պաշտպանում, ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը՝ Նովի Սադում տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսելով Սերբիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպման մասին:
«Սերբիան շատ ուժեղ հավաքական է: Հետեւում ենք նաեւ Սերբիայի առաջնությանը եւ գիտենք, որ կան լավ երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր ապագայում կարող են լուրջ մրցակցություն ստեղծել այժմ Սերբիայի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներին:
Սերբիան ավելի վատ վիճակում է, քանի որ -2 միավոր ունի, իսկ մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք: Սակայն եթե մենք ոչ մի հնարավորություն չունենայինք երրորդ տեղը գրավելու, միեւնույն է խաղում ենք մեր ազգի, մեր ֆուտբոլասերների համար, որ ուրախություն պարգեւենք նրանց:
Բերեզովսկին ավարտել է կարիերան եւ մարզիչ է արդեն, բոլոր ֆուտբոլիստները, որոնց ես ուզում էի տեսնել հավաքականում այժմ այստեղ են: Խաղը ցույց կտա, թե թիմի վիճակն ինչպիսին է: Մարզիչը երեք օրում չի կարող բարելավել ֆիզիկական վիճակը: Մեր խնդիրն ավելի շատ տղաներին վերականգնելն է, քանի որ տղաները հանդիպումներ են ունեցել ակումբներում: Մենք ավելի շատ աշխատել ենք տակտիկական պատրաստվածության վրա: Ես գոհ եմ մարզումներից, գոհ եմ, որ տղաները խաղում են ակումբներում, բայց խաղը ցույց կտա, թե որքանով են նրանք պատրաստ:
Ինչ-որ չափով դժվար է թիմին տրամադրել հաղթանակի: Բացի այդ խաղալու ենք դատարկ տրիբունաների ներքո եւ կարող է ընկերական խաղի տպավորություն թողնել: Բայց ես ամեն ինչ անում եմ, որ մաքսիմալ նվիրավածություն լինի այս խաղում»,- Սարգիս Հովսեփյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը:
Սերբիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում