19:11  ,  3 սեպտեմբերի, 2015

Սերբիայի հավաքականի մարզիչ. Հայաստանի թիմի նկատմամբ հաղթանակը վստահություն կտա մեզ

Գիտակցում ենք, որ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարը մեզ համար ավարտված է, ասել է ֆուտբոլի Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումից առաջ:

«Առաջիկա չորս հանդիպումները լավ նախապատրաստություն կլինեն հաջորդ ընտրական մրցաշարի համար: Խաղալու հնարավորություն կտանք այն ֆուտբոլիստներին, ովքեր մինչեւ հիմա չեն դուրս եկել խաղադաշտ: Հայաստանի թիմի հետ խաղը լավ փորձություն կլինի նրանց համար:

Մենք չենք պատրաստվում թերագնահատել Հայաստանի հավաքականին: Երեւանում կայացած առաջին խաղում մենք մեծ դժվարությամբ վաստակեցինք մեկ միավոր:

Հաղթանակը հայ ֆուտբոլիստների նկատմամբ վստահություն կտա մեզ, կվերականգնի երկրպագուների հավատը ազգային թիմի նկատմամբ»,- Չուրչիչի խոսքը մեջբերում է alo.rs-ն:

I խմբում Սերբիայի հավաքականը հինգ խաղից հետո վերջին տեղում է (-2 միավոր): Հայաստանը հինգ խաղում վաստակել է 1 միավոր եւ նախավերջինն է: Երկու թիմերն էլ կորցրել են երրորդ տեղի (անցումային հանդիպում) համար պայքարելու հնարավորությունը:

Սերբիա - Հայաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով